Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը մնացել է անփոփոխ, նա կշարունակի մնալ կալանքի տակ։
Պաշտպանական կողմի ներկայացրած բժշկական հետազոտությունները և մասնագիտական եզրակացությունները բավարար հիմք չեն հանդիսացել դատարանի համար։
Հակակոռուպցիոն կոմիտեում հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 6-ին՝ ժամը 14:00-ին։
Ղուկասյանն, անդրադառնալով իր նկատմամբ կայացված դատական որոշմանը և հնարավոր կալանավորմանը, հայտարարել է, որ դա պայմանավորված է գործող իշխանությունների մտավախություններով՝ կապված Շիրակի մարզում իր քաղաքական ազդեցության և ձայների հետ:
«Վախենում են, որովհետև գիտեն, որ ձայներ շատ ունենք Գյումրիում, Շիրակից: Իրենց համար դա (իրեն մեկուսացնելը - խմբ.) ավելի շատ ձայներ է բերելու»,- նշել է նա դատարանում:
Ղուկասյանը նաև քննադատել է գործող իշխանությունների գործելաոճը՝ կոչ անելով դադարեցնել «բամբասանքները» և անցնել լուրջ ծրագրերի ներկայացման: Նա ընդգծել է, որ ունի խորքային առաջարկներ, որոնք պատրաստ է փոխանցել ընդդիմադիր դաշտին՝ երկիրն ստեղծված իրավիճակից հանելու համար:
Հակակոռուպցիոն կոմիտեն 2025 թվականի հոկտեմբերին Գյումրու համայնքապետարանում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնել էր առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու գործով 8 անձի ձերբակալման մասին, որոնց թվում էին Ղուկասյանն ու գլխավոր ճարտարապետը։ Հաջորդ օրը դատարանը երկու ամսով կալանավորել էր Ղուկասյանին, նրա և մյուս պաշտոնյաների լիազորությունները կասեցվել էին:





































