ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել 7 անձի՝ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական վարույթով, հայտնել է ՔԿ-ն։
Քննությունը համարում է, որ աշխատակիցների գործողությունները որակվում են որպես «իշխանական, ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը»։
Ըստ քննության վարկածի՝ համայնքապետարանի մի խումբ աշխատակիցներ, կատարելով համայնքի ղեկավարի խորհրդականի և բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի հանձնարարությունները, զանգահարել են մանկապարտեզների տնօրեններին և «հանձնարարել երեխաներին տուն ուղարկել, փակել պարտեզները և անձնակազմով գալ Գյումրու համայնքապետարան՝ Վ.Ղ.-ին աջակցելու»։
Վեց աշխատակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առավելագույն պատիժը՝ ազատազրկում 4-8 տարի ժամկետով), ևս մեկ անձի մեղադրանք է ներկայացվել նույն հոդվածի 1-ին մասով (առավելագույն պատիժը՝ ազատազրկում մինչև 4 տարի ժամկետով)։
Որպես խափանման միջոցներ են կիրառվել «վարչական հսկողությունը, գրավը, բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը»։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ի առավոտից Գյումրու համայնքապետարանում մեկնարկել էին օպերատիվ գործողություններ։
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու գործով 8 անձի ձերբակալման մասին, որոնց թվում էին համայնքի ղեկավար, ընդդիմադիր Վարդան Ղուկասյանն ու գլխավոր ճարտարապետը։ Հաջորդ օրը դատարանը երկու ամսով կալանավորել էր Ղուկասյանին, նրա և մյուս պաշտոնյաների լիազորությունները կասեցվել էին:





































