Երևանի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպից հետո ձերբակալված 18-ամյա եղբայրներից մեկի՝ Միքայել Մինասյանի և «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և գրավը, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։
Փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտնել է, որ Մինասյանը, սակայն, մեղադրյալի կարգավիճակ ունի։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։ Միևնույն ժամանակ՝ տեղեկացրել է, որ նրա երկվորյակ եղբոր՝ Դավիթ Մինասյանի հարցաքննությունը դեռ շարունակվում է։ Նշենք, որ հենց վերջինիս և Փաշինյանի միջև էր տեղի ունեցել միջադեպը Ծաղկազարդի պատարագի ժամանակ։ Ըստ տեսանյութերի՝ պատարագի ընթացքում նա Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնել», ինչից հետո քաշքշոց էր սկսվել։ Փաստաբանները հայտարարել են, որ «Մինասյանին այդ օրը հարվածել են, ինչի հետևանքով տղան ընկել է»։
ԶԼՄ-ները գրում են, որ թեպետ եղբայրներից մեկին ու Գևորգյանին ազատ են արձակել, բայց Դավիթին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ ՔԿ-ից չեն մեկնաբանել կալանավորելու միջնորդության հարցը։
Ազատ արձակված Գևորգյանն ավելի ուշ լրագրողներին հայտնել է, որ իր նկատմամբ կիրառվել է 5 մլն դրամի գրավ։ Նա տեղեկացրել է, որ նույնպես մեղադրյալի կարգավիճակ ունի։ Միևնույն ժամանակ՝ նա «աբսուրդ է որակել» եկեղեցում «խուլիգանությունը կազմակերպելու»՝ իրեն վերագրվող արարքը։
«Միակ բանը, որ ես կազմակերպել ու պլանավորել եմ, երկրի ազատագրումն է»,- հավելել է Գևորգյանը՝ նշելով, որ տղաներին չի ճանաչում, հանդիպել է միայն պատարագներին։
Նա նշել է, որ տեսել է, թե ինչպես է «պաշտոնատար անձը հարվածում Դավիթին, և փորձել է կանխել դա»։
«Ձեռքից բռնել եմ, ասել եմ՝ դուրս եկեք, եկեղեցում այսպիսի բաներ չեն անում»,- ասել է Գևորգյանը։
Մինասյան եղբայրներն ու Գևորգյանը ձերբակալվել էին մարտի 29-ին՝ պատարագի ժամանակ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպից 1-2 ժամ անց։ Միջադեպի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել, ավելի ուշ նրանց նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել խուլիգանության, ինչպես նաև այն կազմակերպելու ու պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելուն աջակցելու հոդվածներով։ Եղբայրների փաստաբանները նրանց ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել՝ հայտնելով, որ նրանց առողջական վիճակը թույլ չի տալիս գտնվել անազատության մեջ։
Թարմացված է՝ 31.03.2026 | 16:24




































