Վերաքննիչ դատարանը մերժել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին Երևանի քաղաքապետարանի հայցը, հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Հայցը վերաբերում էր 2024 թվականին շարժման հավաքների կազմակերպման ժամանակ թույլ տրված ենթադրյալ խախտումներին:
Փաստաբանի փոխանցմամբ՝ դատարանը հայցը մերժել է այն հիմքով, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմած անձը չի ունեցել համապատասխան լիազորությունները դրա համար:
Սողոյանը նշել է, որ քաղաքապետարանի ներկայացուցիչները պնդում էին, թե չնայած շարժման ներկայացուցիչ Լիդյա Մանթաշյանի կողմից հավաքի մասին ծանուցմանը, այն ապօրինի է դարձել Բագրատ սրբազանի կողմից գլխավորելու պատճառով: Սակայն դատարանը հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կարող էր կազմել միայն անձամբ քաղաքապետը, և նա իրավասու չէր այդ լիազորությունը փոխանցել այլ անձի։
Գալստանյանը 2024 թվականին բողոքի ակցիաներ էր նախաձեռնել սահմանային տարածքների հնարավոր զիջման դեմ: Հետագայում շարժումը վերանվանվել էր «Սրբազան պայքար»: Բագրատ սրբազանը և նրա 14 կողմնակիցները 2025 թվականի հունիսի 25-ին ձերբակալվել էին, ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ զինված ճանապարհով իշխանությունը զավթելու փորձի համար։






































