Դատարանը 3 ամսով երկարաձգել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը։ Կալանքի երկարացման միջնորդություն ներկայացրել է դատախազ Գորիկ Հովակիմյանը:
Նա պնդել է, թե ազատության մեջ գտնվելով՝ Ղուկասյանը կխոչընդոտի գործի քննությանը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Գեղամ Մանուկյանն ու Մհեր Մելքոնյանը Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն էին ներկայացրել դատարան։
Գյումրիի համայնքապետի փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ որոշումն անօրինական է:
Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետև կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Ղուկասյանին, որին դատարանը 2 ամսով կալանավորել էր հոկտեմբերի 21-ի առավոտյան։
Հոկտեմբերի 26-ին Ղուկասյանին երկրորդ մեղադրանքն էր առաջադրվել Հայաստանի «ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչերի» համար։ Նոյեմբերին նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում էր հարուցվել խուլիգանության հատկանիշներով։





































