Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հրկիզել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող ՈւԱԶ մակնիշի մեքենա, հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ի երեկոյան՝ ժամը 23:40-ի սահմաններում: 67-ամյա Ռոբերտ Թ.-ն իրավապահներին հայտնել է, որ իր տան բակում կայանված, իր կողմից շահագործվող ՈւԱԶ-ի վրա բենզին են լցրել և այրել՝ իրեն պատճառելով նյութական վնաս։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կայքի տեղեկություններով՝ տուժած Ռոբերտ Թ.-ն աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Վարդենիսի մասնաճյուղում, իսկ հրկիզված ՈւԱԶ-ը հաշվառված է նշված ընկերությունում։ Նշվում է, որ կասկածյալը նրա նախկին փեսան է։
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» միջադեպի վերաբերյալ մեկնաբանությամբ հանդես չի եկել։





































