Բյուրեղավան համայնքում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությամբ 11 հոսպիտալացված անձ կա, որոնց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Ըստ հրապարակման՝ ստացված շտապ հաղորդումների ընդհանուր թիվը 30 է։ Մյուս հիվանդները տնային պայմաններում են բուժվում։ Նրանց կլինիկական ախտանշաններն են սրտխառնոցը, փորլուծությունը, փսխումը և մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, որոնք բնորոշ են աղիքային վարակներին։
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունից Armenia Today-ին հայտնել էին, որ ՀՎԿԱԿ մասնագետները համաճարակաբանական համալիր հետազոտություններ են իրականացնում վարակի հնարավոր աղբյուրների և տարածման ուղիների բացահայտման նպատակով, ինչի շրջանակում իրականացրել են նաև խմելու ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար։
Ավելի ուշ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ից հայտնել են, որ «Աբովյանի» լաբորատորիայի կողմից Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս և Արզնի գյուղերի մի շարք հասցեներից, ինչպես նաև օրվա կարգավորիչ ջրամբարից իրականացվել են խմելու ջրի նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։ Նշվում է, որ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել։






































