Արդեն մի քանի օր է՝ մեկնարկել է 2025-2026 թվականի ուսումնական տարին։ Հանրակրթական դպրոցներում սովորելու է ավելի քան 400 հազար աշակերտ, առաջին դասարանցիներն ավելի քան 34 հազարն են։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես դպրոցական ծրագրերի հետ կապված դժգոհություններ կան։
Միևնույն ժամանակ, մեծ քննարկում է առաջացրել դասերն 8:15 սկսելու որոշումը։ Որոշումը, ըստ պետական մարմինների, մայրաքաղաքի երթևեկությունը թեթևացնելու նպատակով է։ Մինչդեռ շատերը վստահ չեն, որ այն իրականում լուծում է խնդիրը։
Աշակերտների և ծնողների կարծիքները բաժանված են․ ոմանց համար ավելի վաղ մեկնարկն օգնում է օրվա ընթացքում ժամանակ շահել, մյուսների համար՝ դժվարացնում է առավոտյան դպրոց գնալու գործընթացը։
Armenia Today-ը քաղաքացիներին հարցրել է՝ արդյոք գո՞հ են դպրոցական ծրագրերից, ի՞նչն է պակասում, ի՞նչ կփոխեին կամ կավելացնեին, ինչպե՞ս են վերաբերվում դպրոցի դասերն 8:15 սկսելու որոշմանը, և արդյոք այն թեթևացնո՞ւմ է երթևեկությունը։
Ոմանք դեմ չեն դասերն 8:15 սկսելու որոշմանը, բայց մեծամասնությունը դժգոհ է դպրոցական ծրագրերից։
«Նախարարությունը շատ անելիք ունի ծրագրերի մասով։ Այսօրվա դրությամբ՝ բավականին մինուսներ կան՝ կապված հայ ժողովրդի և եկեղեցու պատմության առումով, ինչին պետք է հատուկ ուշադրություն դարձնել։ Կարծում եմ՝ հայապահպան բոլոր ծրագրերը հատուկ են կրճատում։ Հայոց գրականության դասերն են կրճատվել, մեծ ցանկություն ունեմ, որ դասերը վերականգնվեն»,- նշել է քաղաքացիներից մեկը։
Հարցման մասնակիցներից մեկը նշել է, որ դպրոցական ծրագրում փոփոխություններ կան, որոնք իրեն դուր չեն գալիս։
«Ծրագրից հայոց լեզվին, գրականությանը վերաբերող նյութերը քչացնելն ազգաքանդ նպատակ ունի։ Ամեն ինչ խաթարված է»,- հավելել է քաղաքացին։
Հարցվածներից մեկն էլ դպրոցական նոր ծրագրերը «խայտառակություն» է անվանել։
«Հայ ժողովրդի պատմության դասերը կցանկանայի ավելացնել, ինչպես նաև սպորտը, բայց քանի գնում, ոչ թե առաջ, այլ հետ ենք գնում»,- մտահոգություն է հայտնել նա։
Քաղաքացիներից մեկի խոսքով՝ դասերն 8:15 սկսելու որոշումից հետո երթևեկությունը մի քիչ թեթևացել է, բայց խցանումները դեռ շատ են, ինչից մարդիկ նյարդայնանում են։
Ծնողներից մեկն էլ նշել է, որ կողմ է դասերն 8:15 սկսելու որոշմանը։
«Բոլոր զարգացած երկրներում 7-ից աշխատանքի են գնում, ինչը նորմալ է»,- հավելել է նա։
Միևնույն ժամանակ, մեկ այլ քաղաքացու կարծիքով, դա սխալ որոշում է և կարող է ազդել երեխաների առողջության վրա։
«Ինչո՞ւ պետք է երթևեկությունը երեխաների հաշվին կազմակերպվի»,- նշել է նա։
Մի քաղաքացու խոսքով՝ Երևանում երթևեկությունը հասել է մի վիճակի, երբ այլևս ոչ մի որոշում ոչինչ չի կարող փոխել և անկախ ժամից՝ միշտ ավտոմեքենաները շատ են լինելու։ Նրանցից մեկի կարծիքով՝ դասերն 8։15 դարձնելու որոշումից հետո խցանումներն ավելի են շատացել։
Մանրամասները՝ տեսանյութում։





































