Օգոստոսի 10-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած «Նավասարդ»՝ հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոնը։

Միջոցառման ընթացքում հայկական և իրանական թիմերն իրենց տաղավարներում մրցել են ճաշատեսակների պատրաստման և ներկայացման գործում՝ ցուցադրելով երկու երկրների ազգային խոհանոցների բազմազանությունն ու պատմությունը:

Մշակութային և երաժշտական գոտիներում ներկայացվել են Հայաստանի և Իրանի մշակույթը, արվեստն ու արհեստները:

Փառատոնի ավարտին կազմակերպիչներն ամփոփել են մրցույթի արդյունքները և մրցանակներ հանձնել հաղթողներին:

Փառատոնը կազմակերպել էին Տուրիզմի հայկական ֆեդերացիան և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, ՀՀ-ում Իրանի դեսպանության, Մշակութային կենտրոնի և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ։

Միջոցառումից հետո քաղաքի բնակիչներն ու հյուրերը բարձրացան Զորաց քարեր համալիր՝ գիշերը նշելու հին հայկական Նոր տարին՝ Նավասարդը: Ժողովրդական հիշողության մեջ պահպանված այս տոնը Սյունիքում նշում են՝ ժամը 03:00-04:00-ին դիմավորելով Օրիոն համաստեղությունը, որը հայկական ավանդության մեջ կոչվում է Հայոց նախահայր Հայկ Նահապետի անունով:

















































