Մինչ աշխարհասփյուռ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդները պատրաստվում էին փետրվարի 16-19-ն Ավստրիայում նախատեսված ամենամյա Եպիսկոպոսաց ժողովին, քրեական գործերի ու մեղադրանքների պատճառով ոմանք, այդ թվում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, ստիպված էին մնալ Հայաստանում: Բարձրաստիճան հոգևորականների մի մասին էր միայն թույլատրելի լքել երկիրը և ներկա գտնվել հավաքի վերածված քննարկմանը:
Հոգևոր իշխանության այս մարմինը համակարգում է եկեղեցու գործունեությունը Հայաստանում և սփյուռքի թեմերում։ Եպիսկոպոսաց ժողովը քննարկում է սոցիալական ու դավանաբանական խնդիրները՝ ձևավորելով եկեղեցու հավաքական դիրքորոշումը։ Ըստ կանոնակարգի՝ միայն կաթողիկոսն ունի ժողով հրավիրելու իրավասություն, ինչն էլ ներկայիս իրավական սահմանափակումների պայմաններում փոխում է հանդիպման ավանդական ձևաչափը՝ այն վերածելով Եպիսկոպոսաց հավաքի: Եպիսկոպոսաց ժողովը կազմված է բոլոր գործող եպիսկոպոսական աստիճան ունեցող հոգևորականներից, այսինքն՝ անդամների թիվը կախված է նրանից՝ տվյալ պահին քանի՞ եպիսկոպոս ու արքեպիսկոպոս կա ծառայության մեջ։
Հայաստանի իշխանություններն ավելի վաղ դատական գործընթացներ էին նախաձեռնել բարձրաստիճան հոգևորականների և Գարեգին 2-րդի դեմ։
Հավաքն ընթացել է Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ առանց կաթողիկոսի և այն բարձրաստիճան հոգևորականների, որոնք կալանավորված են հեղաշրջման փորձի մեղադրանքով կամ տնային կալանքի տակ են քրեական գործերի շրջանակում։
Հավաքը վարել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Գարեգին Բ-ն հավաքի բացման առթիվ պատգամ է հղել: Կիլիկիո կաթղողիկոսը, Պոլսո ու Երուսաղեմի պատրիարքները ևս ուղերձներ են հղել: Նրանք էլ ներկա չէին:
Եպիսկոպոսաց դասը խորը մտահոգություն է հայտնել եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակի առնչությամբ, կոչ արել Հայաստանի իշխանություններին «դադարեցնել եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել եկեղեցու՝ դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը, վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին», ազատ արձակել կալանավորված եկեղեցականներին:
Եպիսկոպոսաց ժողովների գումարումը Հայաստանում կամ սփյուռքում պատմականորեն հազվադեպ երևույթ է։ 2013 թվականի աշնանը Գարեգին Բ-ն Էջմիածնում վերականգնել էր այս ձևաչափը՝ չորսդարյա ընդմիջումից հետո առաջին անգամ մեկտեղելով Մայր Աթոռի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունների եպիսկոպոսական դասը։ Նույն կազմով վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2018 թվականին՝ դարձյալ Էջմիածնում։
Գարեգին 2-րդին մեղադրում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու գործով: Հոգևորականների նկատմամբ ուժայինների այս գործողությունները հաջորդում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
Հավաքին մասնակցել են եկեղեցու 25 արքեպիսկոպոս և եպիսկոպոս, այդ թվում` Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքություններից: Մյուսները մասնակցել են առցանց։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ժողովին մասնակցության հրավեր էր ուղարկել նաև եկեղեցու դեմ արշավին միացած հոգևորականներին, բայց նրանցից միայն ԱՄՆ Հայոց արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն էր հայտարարել իր մասնակցության մասին։ Կաթողիկոսի հրաժարականը վարչապետի հետ պահանջող արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները քննադատել էին ժողովը ՀՀ սահմաններից դուրս կայացնելու որոշումը:
400 տարվա ընդմիջումից հետո վերականգնված ավանդույթն այսօր բախվում է նոր իրականության։ Մինչ ուժայինները դեռևս չեն ներկայացրել Էջմիածնի գանձերն ու Վեհարանը երկրից դուրս բերելու մտադրությունը հաստատող ապացույցներ, իշխող խմբակցության ներկայացուցիչները պնդում են՝ վարչապետի հայտարարությունները հիմնված են կոնկրետ փաստերի վրա։ Armenia Today-ը հարցումներ է ուղարկել իրավապահներին տեղեկանալու՝ արդյոք կա՞ն այս թեմայով քրեական գործեր կամ վարույթներ:
Աշխարհասփյուռ հայկական կազմակերպություններն արդեն դատապարտել են եկեղեցու ղեկավարության նկատմամբ իրականացվող հանրային ճնշումները՝ կոչ անելով իշխանություններին զղջալ կատարվածի համար։
Armenia Today-ի հետ զրույցում ՀՀ քաղաքացիներն իրենց տեսակետներով են կիսվել իշխանություն-եկեղեցի հարաբերություններում ստեղծված լարվածության ու իրավիճակի վերաբերյալ: Նրանց մեծամասնությունը քննադատել է իշխանությունների նման գործելաոճը:
Մանրամասները՝ տեսանյութում։


























