Հայաստանի ավանդական տոնացույցում այս տարի հունվարի 31-ին նշվեց Սուրբ Սարգսի օրը։ Տոնը նվիրված է քրիստոնեական սրբին՝ Սուրբ Սարգսին, որի կերպարը հայկական մշակույթում ընկալվում է որպես երիտասարդության, սիրո և հավատարմության խորհրդանիշ։
Միևնույն ժամանակ՝ ամբողջ աշխարհում փետրվարի 14-ին նշում են Վալենտինի օրը։ Այն սկիզբ է առնում 4-րդ դարի քրիստոնեական ավանդույթներից՝ կապված քահանա Վալենտինի հիշատակի հետ, սակայն ժամանակի ընթացքում վերածվել է սիրո միջազգային տոնի նաև հայկական հասարակությունում։
Սիրո այս երկու տոների շուրջ կարծիքները հաճախ բաժանվում են․ ոմանք նախընտրում են հավատարիմ մնալ ազգային ավանդույթներին, մյուսներն ընտրում են ժամանակակից՝ միջազգային ձևաչափը։
Armenia Today-ը երևանցիներից հետաքրքրվել է, թե ո՞ր տոնն է հոգեհարազատ, և ի՞նչ կմաղթեն սիրահար զույգերին։
Հարցման մասնակիցներից ոմանք նշել են, որ նախընտրում են հայկականը՝ Սուրբ Սարգիսը:
«Կարծում եմ՝ նա (Վալենտինի օրը-խմբ․) մերը չէ»,- ասել է քաղաքացիներից մեկը:
Մյուսներն էլ կարծում են, որ կարելի է տոնել նաև Վալենտինը, քանի որ ուրախ առիթ է:
Քաղաքացիները սիրահարներին մաղթել են լինել համբերատար, գնահատել միմյանց:
«Սերն է աշխարհը փրկելու»,- նշել է հարցման մեկ այլ մասնակից:
Մանրամասները՝ տեսանյութում:




































