Իշխանության արշավն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ շարունակվում է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող տասը եպիսկոպոսները հունվարի 4-ին ներկայացրել էին եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ և հայտնել Համակարգող խորհրդի ձևավորման մասին:
Մայր Աթոռը դատապարտել էր այս հայտարարությունը՝ ընդգծելով, որ եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման և բարենորոգման պատրվակով Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողություններն ուղղակի ոտնահարում են Սահմանադրությունը, խախտում թե՛ միջազգայնորեն, թե՛ Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված եկեղեցու իրավունքները:
Փաշինյանը հունվարի 6-ի առավոտյան մասնակցել էր Սուրբծննդյան պատարագին, ապա ուխտերթի՝ հայտարարելով, որ եկեղեցու փաստացի վերնախավը «աղանդավորական տրամաբանության, հերձվածի մեջ են»:
Armenia Today-ի նկարահանող խումբը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են վերաբերվում վարչապետի այս հայտարարությանը և եկեղեցու դեմ արդեն 7 ամսից ավելի շարունակվող արշավին:
Հարցվածների մի մասը պատասխանել է, որ դեմ են իշխանության կողմից եկեղեցու դեմ իրականացվող արշավին։
«Շատ վատ, եկեղեցու դեմ չի կարելի նման բան անել։ Վարչապետն ո՞վ է, խոսեմ՝ էլի կտանեն, կտուգանեն»,- ասել է քաղաքացիներից մեկը։
Երևանցիներից մի քանիսն էլ նշել են, որ կողմ են Գարեգին Երկրորդի հեռացմանը, սակայն դեմ են այն արշավին, որն իրականացվում է:
«Շատ ճիշտ կանեն, որ վեհափառին հանեն, բայց ոչ այս ձևով»,- հավելել է հարցման մասնակիցը։
Քաղաքացիները նաև անընդունելի են համարել եկեղեցու շուրջ գործընթացները՝ ընդգծելով, որ իրավիճակն ազդում է Հայաստանի միջազգային հեղինակության վրա։
«Աշխարհը ծիծաղում է մեր՝ քրիստոնությունն առաջինն ընդունած ազգի վրա»,- ասել է քաղաքացիներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։





































