Քաղաքագետ Հրանտ Միքայելյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդմանն ամփոփել է 2025-ի ներքաղաքական իրավիճակը Հայաստանում՝ անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցողին, ՀՀ իշխանության գործողություններին, նախընտրական քայլերին։
Խոսելով իշխանությունների կողմից հոգևորականների դեմ գործողություններից՝ քաղաքագետը նկատել է, որ եկեղեցու դեմ կան ճնշումներ։ Իշխանությունը, նրա դիտարկմամբ, եկեղեցում, այսպես ասած, իշխանափոխություն իրականացնելու նպատակ ունի։ Մյուս կողմից, ըստ նրա, այդ ամենին եկեղեցու կողմից հիմնականում պասիվ դիմադրություն կա։
«Մի կողմից՝ եկեղեցին խուսափում է բախումներից, մյուս կողմից՝ եկեղեցին թուլացնում է իր դիրքը, որովհետև դիմադրության ճակատը փոքրանում է, բայց մեկ այլ կողմից էլ այդ դիրքն ուժեղացնում է եկեղեցուն, իշխանությանը զրկում է փաստարկներից։ Իշխանությանը, որը գործում է զուտ ուժով, այդ իրավիճակն այդքան էլ հաճելի չէ, եկեղեցու այս դիրքը թույլ չի տալիս մանիպուլյացիաներ կիրառել»,- նշել է քաղաքագետը։
Նրա խոսքով՝ ըննդիմադիր դաշտում նոր սուբյեկտների ի հայտ գալն իշխանությունների համար էապես փոխում է նախընտրական իրավիճակը։ Միևնույն ժամանակ՝ նա կարծում է, որ իշխանությունների գլխավոր թիրախը «Տաշիր ընկերությունների խմբի» նախագահ Սամվել Կարապետյանն է։ Վերջինիս դեմ գործողությունները քաղաքագետն «իրավական նիհիլիզմ» է որակել։
«Օրինակ՝ միջազգային արբիտրաժը ՀԷՑ-ի վերաբերյալ որոշում է ընդունում, բայց կառավարությունն այն չի կատարում։ Կարապետյանի գործը ձգձգում են, նրան պահում կալանքի տակ, և ազատ կարձակեն միայն այն ժամանակ, երբ համոզված լինեն, որ իրենց համար արդեն քաղաքական վտանգ չի ներկայացնում։ Այսինքն՝ իշխանությունն իր գլխավոր մրցակցին թիրախավորել է՝ նրան պահելով բանտում»,- շեշտել է Միքայելյանը։
Քաղաքագետի կարծիքով՝ թե՛ եկեղեցու դեմ պայքարը, թե՛ Կարապետյանի դեմ գործողությունները պատվիրված են դրսից։ Նա հիշեցրել է եվրոպամետ փորձագետների հոդվածների մասին, ըստ որոնց՝ «Հայաստանում ռուսամետ ընդդիմություն կա»։
Միևնույն ժամանակ՝ նա շեշտել է, որ «Մեր ձևով» շարժումը 2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ էականորեն փոխել է իրավիճակն իշխանության համար։ Շարժման ի հայտ գալուն պես, ըստ քաղաքագետի, այլևս հնարավորություն չկա ամեն ինչ միայն նախկին-ներկա պայքարի համատեքստում ներկայացնել։
«Չնայած ժողովրդի մեջ արդեն նախկինների թեման այլևս այդքան էլ լավ չի աշխատում, բայց, ամեն դեպքում, հակակրանքը շարունակվում է, իսկ «Մեր ձևով» շարժման ի հայտ գալն իրավիճակն էականորեն փոխում է»,- ընդգծել է նա։
2026-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընդառաջ՝ քաղաքագետը գնահատել է իշխանության և ընդդիմության դիրքերը՝ խոսելով նաև այն մասին, թե կողմերն ի՞նչ ձեռբերումներ են ապահովել իրենց համար։
«Իշխանությունը բռնաճնշումների ներքո տեղեակտվական դրական ֆոն ապահովեց TRIPP-ի հայտարարության ժամանակ ու կարողացավ դրա հաշվին բարձրացնել իր վարկանիշը։ TRIPP-ի էֆեկտը դեռ ինչ-որ չափով ունի իր ազդեցությունը։ Ընդդիմությունը նույնպես որոշակի ձեռքբերում է ունեցել, թեպետ առանձին սուբյեկտների առումով՝ հիմնականում կորուստներ են, որովհետև ի տարբերություն իշխանության՝ ընդդիմությունը ժամանակակից տեխնոլոգիաներից շատ թույլ է»,- ասել է նա։
Ըստ Միքայելյանի՝ ըննդիմության շարքերում ավելի տարիքով մարդիկ են, որոնք չեն կարողանում արագ արձագանքել իրավիճակին և օրակարգ ստեղծել։ Նա հիշեցրել է ընդդիմության միջև պայքարի առկայության մասին։
«Այսինքն՝ «Հայաստան դաշինքը» և Հանրապետական կուսակցությունն առաջին վեց ամիսներին իրար դեմ էին պայքարում, ինչը նվազեցրեց երկուսի վարկանիշը։ Միևնույն ժամանակ՝ ընդդիմադիր դաշտում կա 2 ձեռքբերում՝ մեկը «Մեր ձևով» շարժումն է, երկրորդը՝ ընդդիմադիր փոքր սուբյեկտների բազմությունը»,- ասել է քաղաքագետը։
Մանրամասները՝ տեսանյութում։



































