«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն արժանացել է ASQ Customer Experience Awards հեղինակավոր մրցանակների՝ երկու անվանակարգում, հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Ըստ հրապարակման՝ օդանավակայանը հաղթել է «Լավագույն օդանավակայան Եվրոպայում» (Best Airport in Europe) և «Ամենանվիրված անձնակազմ» (Most Dedicated Staff) անվանակարգերում:
ASQ Customer Experience Awards-ն ուղևորների սպասարկման և փորձառության գնահատման ոլորտում համաշխարհային հեղինակավոր մրցանակներից է, որը շնորհվում է Airports Council International World միջազգային կազմակերպության կողմից։ Մրցանակակիրները որոշվում են բացառապես ուղևորների անկախ և անմիջական գնահատականների հիման վրա՝ ստանդարտացված հարցումների միջոցով։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հաղթողների խմբում է տարեկան 5-15 միլիոն ուղևոր սպասարկող օդանավակայանների անվանակարգում, որտեղ, ընդհանուր առմամբ, գնահատվել է 39 օդանավակայան Եվրոպայից։





































