Հայաստանում գործազրկության խնդիրը կարելի է լուծել արտադրությունների կառուցմամբ, շահավետ ներդրումային ծրագրերով, ինչպես նաև տեղական բիզնեսին թիրախային պետական աջակցության ծրագրերով, հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը՝ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից արված իր ուղերձում։
Կարապետյանը քննադատել է գործող իշխանությանը՝ նշելով, որ այս իրականության միակ պատասխանատուն իշխանությունն է, որը ժողովրդի համար արժանապատիվ հնարավորություններ չի ստեղծում, հուսահատեցնում է, կոտրում բարեկեցիկ ապագայի նկատմամբ հավատը։ Նրա խոսքով՝ ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակն իշխանությունների անգործության անմիջական հետևանքն է։
«Վստահ կարող եմ պնդել, որ չնայած այս ծանրագույն պայմաններին՝ կարող ենք շատ արագ ապահովել անհրաժեշտ ու կոնկրետ լուծումներ՝ ուղղված մեր ժողովրդի բարեկեցությանը»,- շեշտել է գործարարը։
Նա իր ուղերձում ընդգծել է, որ Հայաստանում արտադրությունների կառուցման, շահավետ ներդրումային ծրագրեր ստեղծելու մեծ պոտենցիալ կա։ Կարապետյանը նշել է, որ Հայաստանը տարեկան ներմուծում է մոտ 4 մլրդ դոլարով ավելի ապրանք, քան արտահանում է, և այդ բացը կարելի է լրացնել հատկապես մարզերում արտադրություններ սկսելով։
Կարապետյանը նաև առանձնացրել է գյուղատնտեսությունը որպես առանցքային ուղղություն, որտեղ, ըստ նրա, մթերող ընկերությունների մեջ այնքան շատ մրցակցություն պետք է լինի, որ ապրանքը վաճառելով՝ գյուղացին վերջապես շահույթ պետք է կարողանա ստանալ՝ ապահովելով իր ընտանիքի բարեկեցությունը: Գյուղմթերքը, նրա խոսքով, կարող է լավ հումք լինել սննդի արդյունաբերության զարգացման համար։
«Վստահ եմ՝ այս և մի շարք տնտեսական այլ ծրագրեր շատ կարճ ժամանակում կփոխեն մեր ժողովրդի կյանքի որակը, ի վերջո՝ կդադարի արտագաղթը և կլինի արժանապատիվ աշխատանք բոլորի համար։ Անելու ենք՝ մեր ձևով»,- շեշտել է նա։
Գործարարը հավելել է, որ մի քանի տարում միջազգային ճանաչում ունեցող խոշոր ընկերությունները պետք է ներկայացված լինեն Հայաստանում և գործունեություն ծավալեն մեր երկրում, որի միջոցով ապահովվելու է տուրիզմի զարգացման տեմպերի որակապես նոր աճ ու նոր պայմաններ:
Կարապետյանը նաև նկարագրել է «տիպիկ հայաստանյան տեսարան, որը նկարագրում է իշխանավորների անգործությունը»։
«Աշխատանքային օրվա ընթացք. հայկական փոքր քաղաք կամ գյուղ, իրար հետ կանգնած աշխատունակ և եռանդուն հայ տղամարդիկ ստիպված են իրենց զբաղեցնել նարդի խաղալով: Հուսահատությամբ լցված՝ երբեմնի հաջողությունները հիշելով: Մարդիկ փաստացի զրկվել են լավ կյանքի մասին նույնիսկ երազելու կարողությունից»,- ընդգծել է գործարարը։
Հունիսին «Տաշիր» խմբի նախագահն աջակցել էր Հայ Առաքելական եկեղեցուն՝ հոգևորականների հասցեին իշխանությունների քննադատությունների ֆոնին։ Հունիսի 18-ին գործարարը երկու ամսով կալանավորվել էր՝ իբր իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով:
Հուլիսի 4-ին Կարապետյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունն «անելիք չունեն Հայաստանում»։ Հուլիսի 14-ին գործարարը հայտնել էր նոր քաղաքական թիմի ձևավորման մեկնարկի մասին։ Օգոստոսի 15-ին դատարանը 2 ամսով երկարաձգել էր Կարապետյանի կալանքը։
Օգոստոսի 29-ին Երևանում տեղի էր ունեցել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը։ Շարժումը, որն աշխատել է 5 ուղղությամբ, ծրագրային աշխատանքները կավարտի 4-5 ամսվա ընթացքում, որից հետո քաղաքական հայտ կներկայացնի։
Կարդացեք նաև՝



































