Եվրոպական միությունը Հայաստանին 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն է հատկացրել՝ Ռուսաստանի կողմից սահմանված առևտրային սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։ Այս մասին հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունը։
Այս հատկացումը նախկինում հայտարարված 50 միլիոն եվրոյի աջակցության փաթեթի առաջին տրանշն է։ ԵՄ-ն ընդգծել է, որ որոշումը կայացվել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից երկու շաբաթ անց։
Բրյուսելի փոխանցմամբ՝ աջակցությունն ուղղված է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը և կուղեկցվի առևտրի դյուրացման ու հայաստանյան արտադրողների համար արտասահմանյան շուկաների հասանելիության ընդլայնման միջոցառումներով։
Լրացուցիչ օժանդակություն կստանան ռուսական սահմանափակումներից տուժած ճյուղերը, այդ թվում՝ ագրոպարենային հատվածը, ծաղկաբուծությունը և արտահանմանն ուղղված այլ ոլորտներ։ Խոսքը առևտրի խթանման, գործարար կապերի հաստատման և արտաքին շուկաներ դուրս գալու ծրագրերի մասին է։ Այս միջոցառումների իրականացումը կվերահսկի Տնտեսական դիմակայունության հարցերով ԵՄ-Հայաստան հատուկ աշխատանքային խումբը։
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը հայտարարել է, որ ԵՄ-ն շարունակում է սատարել Հայաստանին՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական և անկախ պետության։ «Մենք տրամադրում ենք ոչ միայն ֆինանսական օգնություն, այլև օգնում ենք Հայաստանին դյուրացնել առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ»,- նշել է Կոսը։ Ըստ ԵՄ պատվիրակության տվյալների՝ Եվրահանձնակատարը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան՝ համագործակցության զարգացման հետագա քայլերը քննարկելու նպատակով։
Ռուսական սահմանափակումների ֆոնին Հայաստանի իշխանությունները հունիսի սկզբին հայտարարել էին այլ երկրներ արտահանման հնարավորության և ՌԴ սահմաններից վերադարձվող ապրանքների սուբսիդավորման մասին։ Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հունիսի 4-ին հայտարարել էր, որ Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի ավելի քան 50 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն՝ միտված հայկական ագրոպարենային արտադրանքի՝ եվրոպական շուկա մուտքի հեշտացմանը։ Հունիսի 17-ին Financial Times պարբերականը հայտնել էր, որ Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները բարելավելու նպատակով հրատապ կարգով միջոցառումների փաթեթ է պատրաստում։
Հունիսին Հայաստանից Լատվիա արտահանվել էր 5500, Լիտվա՝ 11 000, իսկ Ուկրաինա՝ 9500 ծաղիկ։ «Ռոսսելխոզնադզորում» նշել էին, որ 2025-ին ՌԴ-ում ծաղիկների ներմուծման ծավալը կազմել էր 96,2 մլն (հատ)։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մինչ այժմ հայկական խմիչքների, սննդամթերքի և ծաղիկների արտահանման 84%-ից մինչև 98%-ն ուղղվել էր ռուսական շուկա։
Կարդացեք նաև՝




































