Ընտրությունների արդյունքներն ամփոփելու գիշերվանից սկսած, հենց այդ պահին «Բարգավաճ Հայստան» կուսակցությունը հայտարարել է, որ բոլոր հնարավոր օրինական ճանապարհներով պայքարելու է ժողովրդի ընտրելու իրավունքը իրացնելու համար և գնացել բոլոր հնարավոր օրինական ճանապարհներով, ՍԴ-ի շենքի մոտ հայտարարել է ԲՀԿ ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը։
«Այդ գործընթացը սկսել է վարչական դատարան դիմելու գործընթացով, այնուհետև ԿԸՀ դիմում-բողոք ներկայացնելով, հիմա արդեն հերթը ՍԴ-ինն է։ Մեր քաղաքական թիմը, պարոն Ծառուկյանի գլխավորությամբ, հակված է բոլոր հնարավոր օրինական միջոցներով պայքարելու արդարության վերականգնման համար»,- նշել է նա։
Տոնոյանը հավաստիացրել է, որ ԲՀԿ-ի պայքարը շահի համար չէ, այլ ընտրողների իրավունքի իրացման վերականգնման մասին է։
«Նույն զինվորների քվեարկության հետ կապված տարատեսակ գրառումներ աչքովս ընկան, երբ որ մատնանշվել էին կոնկրետ այդ տեղամասերում խախտումների մասին։ Ընդ որում այդ գործընթացի սխալ կազմակերպման պատասխանատվությունը ևս իշխանությունների ուսերին է, որովհետև եթե կոնկրետ զինվորների ընտրելու գործընթացը կանոնակարգվում է բանակի կողմից, պետք էր ընդամենը ճիշտ ժամանակին այդ ամեն ինչը կազմակերպել, որպեսզի նաև նույն այդ զինվորների ընտրելու իրավունքը չխաթարվի»,- մեկնաբանել է Տոնոյանը։
Փաստաբան Արամ Օրբելյանը նշել է բազմաթիվ խախտումների մասին։
«Վարչական ռեսուրսի օգտագործումը եղել է հսկայական, ինչքան էլ տարօրինակ չլինի, ուրիշներին են մեղադրում, բայց միջազգային միջամտությունը անվանական եղել է հենց ՔՊ-ի օգտին»,- շեշտել է Օրբելյանը։
Նրա խոսքով՝ թեև միջազգային հանրությունը խոսել է այլ երկրների մiջամտության մասին, սակայն իրենք են լայնորեն աջակցել իշխող ուժին։



































