Հայաստանը վեց H145 ուղղաթիռ ձեռք կբերի Airbus Helicopters ընկերությունից, հայտնում են կազմակերպությունից։
Հայտարարության մեջ նշվում է, որ բազմաֆունկցիոնալ H145 ուղղաթիռները կօգտագործվեն տրանսպորտային առաքելությունների համար։
«H145-ը փորձված և հուսալի աշխատանքային ուղղաթիռ է, որը Հայաստանի իշխանություններին կապահովի ճկունությամբ և հուսալիությամբ՝ ամենաբարդ տրանսպորտային առաքելությունների պահանջները կատարելու համար»,- ասել է Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի գծով փոխնախագահ, ղեկավար Լյուդովիկ Բուաստոն։
Կազմակերպության պնդմամբ՝ H145 ուղղաթիռը հայտնի է բարձր արդյունավետությամբ, հատկապես՝ բարձրադիր և շոգ պայմաններում, ինչն այն հարմար է դարձնում Հայաստանի լեռնային աշխարհագրության համար։
H145-ի հնգաթև տարբերակն ապահովում է ավելի մեծ բեռնատարողություն, ավելի սահուն թռիչք և պարզեցված սպասարկում։ Ընդհանուր առմամբ, աշխարհում շահագործվում է H145 ընտանիքի ավելի քան 1800 ուղղաթիռ, որոնք կատարել են ավելի քան 8,5 մլն թռիչքային ժամ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մայիսի 5-ի հանդիպման արդյունքներով Երևանում ստորագրվել էր Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիրը, ինչպես նաև փոխանակվել էին մի շարք փաստաթղթեր։ Դրանց թվում էր ՀՀ պաշտպանության նախարարության և Airbus ընկերության միջև տրանսպորտային ուղղաթիռների մատակարարման պայմանագիրը։





































