Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի ավելի քան 50 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն՝ Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի նկատմամբ սահմանափակումների ֆոնին։
«Այսօր ես զրույց ունեցա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ վերջերս կիրառված սահմանափակումները։ Սա տնտեսական ճնշման ակնհայտ դրսևորում է և անընդունելի է»,- գրել է ֆոն դեր Լեյենը X-ի իր էջում։
Ֆոն դեր Լեյենը հայտնել է, որ ԵՄ-ն աջակցության փաթեթից բացի նախատեսում է նաև միջոցառումներ հայկական, մասնավորապես՝ ագրոպարենային արտադրանքի առևտուրը հեշտացնելու համար։
Նա նաև նշել է, որ աջակցություն կտրամադրվի տուժած ոլորտներին, այդ թվում՝ ծաղկարտադրությանը։ Ռուսաստանի կողմից Հայաստանից ծաղիկների ներմուծման արգելքի հիմնավորումները նա «կասկածելի» է որակել։
«Վաղը Լատվիա կհասնի 10 000 ծաղկից բաղկացած առաջին խմբաքանակը, իսկ հետագայում կլինեն նոր առաքումներ»,- նշել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։
Կողմերը պայմանավորվել են ստեղծել ԵՄ-Հայաստան համատեղ աշխատանքային խումբ, որը կհամակարգի նախաձեռնությունների իրականացումը և կքննարկի հետագա աջակցության հնարավորությունները։
Մոսկվայի և Երևանի հարաբերությունները լարվել են՝ հայկական կողմից ՀԱՊԿ գործունեության քննադատության և Հայաստանի՝ Եվրամիության հետ կապերի ընդլայնման շուրջ հայտարարությունների ֆոնին։ Այս փուլում ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը, կասեցրել ՌԴ-ում գտնվող խմբաքանակների իրացումը։ Ապրանքների թվում են ծաղիկները, «Ջերմուկ» հանքային ջուրը, խմիչքի առանձին խմբաքանակներ, մրգեր, բանջարեղեն, ինչպես նաև չրեր։
Այս ֆոնին ԵՄ-ի հնարավոր աջակցության մասին «Ազատությունը» գրել էր հունիսի 3-ին։ ՀՀ կառավարությունը հունիսի 4-ին հավանություն էր տվել նախագծին, որով նախատեսում է փոխհատուցել պտուղբանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին այս ամսվա համար՝ արտադրանքն այլընտրանքային շուկաներ մատակարարելու դեպքում:




































