Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ:
Այս պաշտոնը թափուր էր արդեն մի քանի ամիս՝ Եղիշե Կիրակոսյանի մարտի 6-ի հրաժարականից հետո։
Անդրեասյանը 2021-2022 թվականներին գլխավորել է Արդարադատության նախարարությունը, ինչից հետո՝ 2022 թվականին, նշանակվել ԲԴԽ նախագահ: 2024 թվականի նոյեմբերին Փաշինյանի՝ դատաիրավական համակարգի հասցեին հնչեցրած քննադատությունից հետո նա հրաժարական էր տվել խորհրդի նախագահի պաշտոնից և դադարել ԲԴԽ անդամ լինել։ Նույն օրը ևս հինգ բարձրաստիճան պաշտոնյա հայտարարել էր հրաժարականի մասին, երբ Փաշինյանը նրանց SMS-ով հորդորել էր ազատել զբաղեցրած պաշտոնները։
Հրաժարական էին ներկայացրել Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։





































