Թուրքիա-Հայաստան սահմանի բացման հստակ ժամկետները հայտնի չեն, իսկ Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացը ընթանում է Երևանի և Բաքվի խաղաղ գործընթացի հետ զուգահեռ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրք դիվանագիտական աղբյուրը։
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները օգոստոսի 9-ին Սպիտակ տանը ստորագրել են համատեղ հռչակագիր, որը վերաբերում է Երևանի և Բաքվի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը։
«Այս թեմայի (Թուրքիա-Հայաստան սահմանի բացման – AT) վերաբերյալ որևէ հստակ ժամկետ չկա։ Ինչպես նշել է պարոն նախագահը (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը – -AT), Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը կընթանա Բաքվի և Երևանի խաղաղ գործընթացի հետ զուգահեռ։ Մենք տեսնում ենք դրական քայլեր այս ուղղությամբ, և երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից կշահի ողջ տարածաշրջանը»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։
Կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը տեղի էր ունեցել 2024թ. հուլիսի 30-ին՝ երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ կողմերը պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը։
Մարգարայի անցակետը, սակայն, դեռ փակ է, հայկական կողմը ավելի քան մեկ տարի առաջ էր հայտարարել դրա շինաշխատանքների ավարտի մասին:





































