Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ԱՄՆ-ի դավաճանության մասին նախազգուշացնելը, հայտնում է Reuters-ը:
«Ես ամեն ինչ հերքում եմ: Մեզ ԱՄՆ-ն պետք է խաղաղության համար, որպեսզի խաղաղությունը լինի ամուր և երկարատև»,- ասել է Մակրոնը:
Նա մանրամասնել է, որ Եվրոպայի և ԱՄՆ-ի միասնությունը կարևոր է Ուկրաինային աջակցելու համար, և որ նրանց միջև «անվստահություն չկա»:
«Կրկնում եմ սա անընդհատ. մենք պետք է միասին աշխատենք»,- եզրափակել է Մակրոնը:
Դեկտեմբերի 4-ին Spiegel-ը հոդված էր հրապարակել ԵՄ առաջնորդների միջև Ուկրաինայի վերաբերյալ գաղտնի զրույցի մասին: Հոդվածի համաձայն՝ Մակրոնը Զելենսկուն զգուշացրել է, որ ԱՄՆ-ն կարող է դավաճանել Կիևին: Ելիսեյան պալատը մեկնաբանել է, որ Ֆրանսիայի առաջնորդն «այդ խոսքերը չի օգտագործել»:
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նույնպես, իբր, հայտարարել է, որ Զելենսկին պետք է «առաջիկա օրերին չափազանց զգույշ» լինի ամերիկացի բանակցողների հետ։ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նույնպես զգուշացրել են Կիևին չմասնակցել բանակցություններին, ըստ Spiegel-ի։
Մոսկվայում դեկտեմբերի 2-ին կայացել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ: Թրամփը հանդիպման մասին խոսելիս ասել էր, որ Մոսկվայում ամերիկյան պատվիրակության բանակցություններն ուկրաինական կարգավորման շուրջ լավ են անցել:






































