Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրել, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Բաբայանը որոշումից առաջ լրագրողներին տեղեկացրել էր, որ բողոքարկելու են որոշումը։ Փաստաբանն ընդգծել է, որ բացակայում են նրան վերագրվող ենթադրյալ հանցանքի՝ 2018-ին ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում թմրանյութ դնելու մասին փաստական տվյալները։
«Որևէ հիմնավորում չկա, կա միայն ենթադրություն՝ հենված ինչ-որ տվյալների վրա, որոնք ինքնին նորմալ տվյալներ չեն։ Դատարանում հաստատվեց՝ չկա որևէ տվյալ, որ արքեպիսկոպոսը կատարել է ենթադրյալ արարքը»,- նշել է փաստաբանը։
Նա տեղեկացրել է նաև, որ Խաչատրյանի դեմ ուղիղ ցուցմունք չկա։ Փաստաբանը միայն նշել է, որ պայուսակում, իբր, թմրանյութ դնելու մասին հայտնել են տարբեր անձինք։ Այլ մանրամասներ ու անուններ չի հայտնել՝ հաշվի առնելով նախաքննական գաղտնիքով պայմանավորված սահմանափակումը։
«Նրանք միայն ենթադրել են, որ ենթադրյալ հանցանքը կարող էր արքեպիսկոպոսը կատարած լինել»,- շեշտել է փաստաբանը։
Դատարանի բակում Խաչատրյանին իրենց աջակցությունը հայտնելու էին եկել նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ովքեր արքեպիսկոպոսի նկատմամբ գործընթացը եկեղեցու դեմ իշխանությունների գործողությունների շարունակություն են համարել։
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը Խաչատրյանի դեմ գործընթացն «անբարոյականություն ու անաստվածություն է» անվանել, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ «հակաեկեղեցականություն և անամոթություն»։
Արշակ արքեպիսկոպոսին դեկտեմբերի 4-ին ձերբակալել էին մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Բաբայանը հայտնել էր, որ արքեպիսկոպոսը մեղադրվում է 2018-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում իբր թմրամիջոց դնելու մեջ։
Հոկտեմբերին արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութեր էր հրապարակել Armenian WikiLeaks տելեգրամյան ալիքը՝ նշելով, թե «արքեպիսկոպոսը սեռական կապի մեջ է իր քեռակնոջ հետ»։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ գլխավոր դատախազություն էր ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում, տեսանյութերի տարածման առնչությամբ ՔԿ-ն քրեական վարույթ էր նախաձեռնել, փաստաբանը հրապարակել էր ՔԿ-ի փորձաքննության արդյունքները։ Արքեպիսկոպոսը զրպարտություն և հերյուրանք էր անվանել տեսանյութը՝ ավելի ուշ վերահաստատել դրանց կեղծ լինելը։
Կարդացեք նաև՝






































