Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանյայց Առաքելական եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ, որոնք նախկինում ստորագրել էին Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին դատապարտող հայտարարություն, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել նրանց «հրապարակային կերպով արտահայտած սկզբունքային դիրքորոշման համար»: Նշվում է, որ Փաշինյանն անդրադարձել է արժեքահեն հանրություն, արժեքահեն պետություն, հասարակություն ունենալու խնդրին և նշել, որ պետության և հասարակության արժեքահեն լինելը կապված է նաև հոգևոր կյանքի հետ։
«Կարծում եմ՝ այն թեման, որը դուք արծարծել եք ձեր հայտարարության մեջ անձնավորվածի միջոցով ընդհանրական խնդրի հետ ենք առնչվում»,- ասել է նա։
Հանդիպմանը մասնակցել են արքեպիսկոպոսներ Աբրահամ Մկրտչյանը, Առաքել Քարամյանը,Վազգեն Միրզախանյանը, եպիկոպոսներ Անուշավան Ժամկոչյանը, Վրթանես Աբրահամյանը, Նավասարդ Կճոյանը, Առաքել Տիգրանյանը, Գևորգ Սարոյանը։
Ավելի վաղ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հրապարակել էր եպիսկոպոսների հայտարարության լուսանկարը, որում նշվում էր, որ ՔԿ-ի քննությունը հաստատել էր Խաչատրյանին վերագրվող տեսանյութի իսկությունը: Փաստաթղթում գրված էր, որ արդյունքները ներկայացվել էին Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին, որն «անտեսել» էր դրանք:
Եպիսկոպոսները կոչ էին արել «մաքրել եկեղեցին սրբապիղծ հոգևորականից» և «խստագույնս դատապարտել» կաթողիկոսի դիրքորոշումը: Հայտարարությունն ստորագրել էր 13 հոգևորականից 9-ը, այդ թվում՝ Հովնան Տերտերյանը, Նավասարդ Կճոյանը, Առաքել Քարամյանը, Սիոն Ադամյանը, Վազգեն Միրզախանյանը, Անուշավան Ժամկոչյանը, Վրթանես Աբրահամյանը, Արտակ Տիգրանյանը և Գևորգ Սարոյանը։
Փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարել էր, որ Քննչական կոմիտեն չի հաստատել Մայր Աթոռի դիվանապետին վերագրվող տեսագրության իսկությունը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտնել էր, որ եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է։
Մանրամասները՝ տեսանյութում։



































