Գվինեա-Բիսաուի զինվորականների մի խումբ ազգային հեռուստատեսությամբ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ զավթել է երկրի վերահսկողությունը, հայտնում է Africaguinee պորտալը:
Նրանք իրենց անվանել են «Ազգային անվտանգության և հասարակական կարգի վերականգնման գլխավոր ռազմական հրամանատարություն»: Զինվորականներն իրենց գործողությունները կապել են երկրի ղեկավարության և թմրավաճառների միջև կնքված համաձայնության հետ:
Մինչև սահմանադրական կարգի «վերականգնումը» նրանք կիրառելու են «վեց հրատապ միջոցառում»։ Դրանք են՝ Ումարու Սիսոկու Էմբալոյի հեռացումը նախագահի պաշտոնից, երկրում ընտրությունների կասեցում, բոլոր հաստատությունների փակումը մինչև հետագա ծանուցում, ԶԼՄ-ների գործունեության կասեցում, ցամաքային, ծովային և օդային սահմանների փակում։ Նաև ժամը 21:00-ից մինչև 06:00-ն պարետային ժամ է հայտարարվել։
Գվինեա-Բիսաուի նախագահն ընդունել է երկրում տեղի ունեցած պետական հեղաշրջումը և հայտարարել, որ ձերբակալվել է Գլխավոր շտաբում: Ձերբակալվել են նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Բիագե Նա Նտանը, նրա տեղակալ, գեներալ Մամադու Տուրեն և Ներքին գործերի նախարար Բոշե Կանդեն: Նախագահը մեղադրում է Գլխավոր շտաբի պետին դավադրության մեջ։
Նախագահական ընտրությունները Գվինեա-Բիսաուում տեղի էին ունեցել նոյեմբերի 23-ին: Գործող նախագահը հայտարարել էր հաղթանակի մասին՝ հավաքելով ձայների 65%-ը, իսկ պաշտոնական արդյունքները պետք է հրապարակվեին նոյեմբերի 27-ին: Ընդդիմության թեկնածու Ֆեռնանդո Դիաս դե Կոստան նույնպես հայտարարել էր հաղթանակի մասին։






































