ՀՀ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն տեղի ունենա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դա հնարավորություն է, որ բոլոր ուժերը Սահմանադրության օրակարգի հետ կապված իրենց ասելիքն ու մոտեցումները նախ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում կիսեն ժողովրդի հետ, իսկ արդեն ընտրությունների արդյունքում ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական մեծամասնության դիրքորոշումը վճռական կլինի Սահմանադրության վերջնական նախագծի ձևավորման գործում»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ իրենց քաղաքական խնդիրը պետության և ժողովրդի միջև էմոցիոնալ կապ ստեղծելն է, պատասխանատվության զգացողություն հաստատելը, և դա հնարավոր է անել միայն ժողովրդի ազատ կամարտահայտմամբ նոր Սահմանադրություն ընդունելու միջոցով։
Նա անդրադարձել է հարցին, թե ինչու նոր Սահմանադրություն և ոչ թե սահմանադրական փոփոխություններ։ Որովհետև, ըստ Փաշինյանի, դա «Հայաստանի համար նոր քաղաքական բովանդակություն է, նոր գիտակցություն, նոր քաղաքական և պետական վարդապետություն, և ինչպես Նոր կտակարանում է ասվում՝ նոր գինին նոր տիկերի մեջ»։
Փաշինյանը նաև նշել է, որ նոր Սահմանադրությունը պետք է լուծի մեկ այլ ինժեներական խնդիր․ «Սահմանադրությունը պետք է ապահովի պետության երկարաժամկետ ընթացքի համար անհրաժեշտ աէրոդինամիկա, էլի պայմանական, և աէրոդինամիկան կարող է տուժել, եթե պատկերացումը հստակ և միասնական չլինի, թե ինչ ենք ուզում ունենալ՝ ավտոմեքենա՞, ինքնաթի՞ռ, թե՞ տիեզերանավ»։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել էր, որ Սահմանադրության նոր տեքստը մշակում է Սահմանադրական խորհուրդը։ Ըստ նրա՝ նոր տեքստի համաձայն մի շարք ոլորտներում ուժեղացվելու են ԱԺ լիազորությունները, նաև փոխվելու է ընտրությունների կարգը։
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձևավորվել էր 2020-ի փետրվարին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Նրա կարծիքով՝ ՀՀ-ին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը պետք է ունենա հստակ նպատակ և պետք է արտահայտի այն իրողությունը, որն այսօր կա ՀՀ-ում։ Մյուս կողմից՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար Սահմանադրությունը փոխելու նախապայման է առաջ քաշում Բաքուն՝ պահանջելով հեռացնել Անկախության հռչակագրին հղում անելու դրույթը։





































