Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտնել է նրա բանտախցի անմխիթար պայմանների մասին։ Նա հայտարարել է, որ խցի պայմանները չեն համապատասխանում անհրաժեշտ ստանդարտներին:
«Խուցը բավականին փոքր է, չի համապատասխանում նախատեսված ստանդարտներին, բացի այդ, խցում առկա է մարդու բնական կարիքները հոգալու համար զուգարան, որը ոչ թե փակում է դռնով, այլ ուղղակի վարագույրով: Դուք պատկերացնո՞ւմ եք»,- ասել է Փոստանջյանը։
Փաստաբանը հավելել է, որ խցում պահվում է չորս մարդ, որոնց մեջ կան նաև ծխող կալանավորներ։
«Եվ այսպիսի պայմաններում ծխողները պահվում են չծխողների հետ, հիվանդները պահվում են ծխողների հետ, այսպիսի ծանր հիվանդություններով տառապող մարդիկ պահվում են այդպիսի խցում, և սա շարունակաբար է»,- մանրամասնել է նա։
Փոստանջյանը նշել է, որ իր պաշտպանյալը կիսատ է թողել անգամ իր հետ հանդիպումը՝ առողջական վիճակով պայմանավորված։
«Ղուկասյանն իրեն շատ վատ էր զգում, այսօր, երբ ես նրան այցելեցի, և կարող եմ ասել, որ մեր տեսակցությունը շատ կարճ տևեց, որովհետև նա ուներ գանգատներ և ասաց, որ այս պահի դրությամբ ընդհատենք, հետո նորից շարունակենք, որովհետև առողջության հետ կապված խնդիրները նրան անհանգստացնում էին»,- ընդգծել է Փոստանջյանը։
Նա նշել է, որ Ղուկասյանի սրտի հետ կապված խնդիրները վտանգավոր են, և սրտաբանները կհաստատեն, որ դա «ռումբ է մարդու օրգանիզմի մեջ»։
Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետ կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետին, որին դատարանը 2 ամսով կալանավորել էր հոկտեմբերի 21-ի առավոտյան։
Փաստաբանները հոկտեմբերի 26-ին հայտնել էին Ղուկասյանի դեմ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նոր գործի մասին՝ Հայաստանի «ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչերի» համար՝ Ռուսաստանի և Բելառուսի հետ դաշինքի մասին նրա հայտարարությունների պատճառով։




































