Իրավապահ մարմինները ձերբակալել են AntiFake.am լրատվական գործակալության աշխատակից Իշխան Խոսրովյանին, հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Քիչ առաջ քաղաքային համարով զանգ ստացա Խոսրովյանից։ Նա հայտնեց, որ իրեն ձերբակալել են, գտնվում է Երևանի ոստիկանության քաղաքային վարչությունում, շուտով տեղափոխելու է Երևանի քննչական վարչություն»,- գրել է փաստաբանը:
Նոյեմբերի 13-ին 2 ամսով կալանավորվել էին «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը։ Ձերբակալվել էր նաև AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։
Սաղաթելյանի և Սամսոնյանի բնակարաններում խուզարկություններից հետո իրավապահները նրանց ձերբակալել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում, ՔԿ-ի հաղորդմամբ, 2 անձի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով-խմբ․):






































