«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կալանավորվել են։
Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել է, որ դատարանը, Ռոման Սմբատյանի նախագահությամբ, բավարարել է քննիչի միջնորդությունն ու 2 ամիս ժամկետով կալանավորել Սաղաթելյանին։ Նա հավելել է, որ դատարանի որոշումը սահմանված կարգով կբողոքարկվի Վերաքննիչ դատարան:
Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը մանրամասնել է, որ նրան 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել դատավոր Մասիս Մելքոնյանը։
Նոյեմբերի 13-ին Սաղաթելյանի և Սամսոնյանի բնակարաններում խուզարկություններից հետո իրավապահները նրանց ձերբակալել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում, ՔԿ-ի հաղորդմամբ, 2 անձի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով-խմբ․):


























