Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել ընդունելու ԱՄՆ-ի կողմից առաջարկված` Ուկրաինայի հակամարտության կարգավորման հայեցակարգը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունգարական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Դիվանագետի խոսքով՝ Անքորիջի գագաթնաժողովի նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը Մոսկվային է փոխանցել ամերիկյան առաջարկները, որոնք Ռուսաստանն ուշադիր ուսումնասիրել է։ Հանդիպման ընթացքում Պուտինը մանրամասն ներկայացրել է ծրագրի հիմնական տարրերը և հաստատել է դրանցով առաջ շարժվելու իր պատրաստակամությունը։
«Ամեն ինչ հաստատվել է, որից հետո նախագահը հայտարարել է՝ Կրեմլը պատրաստ է ընդունել նրանց հայեցակարգը և անցնել գործնական քայլերի»,- ասել է Լավրովը։
Թրամփը և Պուտինը պլանավորել էին հոկտեմբերին Բուդապեշտում նոր հանդիպում անցկացնել, սակայն ամերիկացի առաջնորդը չեղարկել էր այն՝ պարզաբանելով, որ «ցանկալի նպատակին հասնելու հնարավորություն չի տեսնում»։ Գագաթնաժողովի հետաձգումից հետո Վաշինգտոնը հայտարարել էր ռուսական էներգետիկայի դեմ նոր պատժամիջոցների մասին։




































