Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել, նա ձերբակալվել է, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից:
ՔԿ-ի տվյալներով՝ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում):
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողներին հայտնել է, որ Կոչուբաևը ձերբակալվել է 24 ժամով, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու։
Ավելի վաղ փաստաբաններ Ռուբեն Մելիքյանը և Վարազդատ Հարությունյանը հայտնել էին, որ դիմակավորված անձինք Կոչուբաևին ձերբակալել են: Մելիքյանի խոսքով՝ դիմակավորվար անձինք փաստաբանին ձերբակալել են «շատ կոշտ ձևով, ֆաշիստական ոճով» «Սրբազան պայքար» շարժման դատարան նիստից հետո:
Կոչուբաևը Ֆեյսբուքում անդրադարձել էր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանավորմանը։
«Հոգին սատանային վաճառած քննիչներ, դատախազներ, դատավորներ, ձեր պատիժը երկնային է լինելու, աղոթում եմ Տիրոջը ձեզ չների և պատիժը քավեք սերունդներով։ Մկրտիչ սրբազանը ծառայությունը կշարունակի ԿԿԲ պադվալում (հայտնի ինչպես ԿԳԲ-ի պոդվալ-խմբ.), բայց դուք ոնց շատ տղա կայիք, էտ ձև էլ մնացիք»,- գրել էր նա։






































