Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանին 2 տարով ազատազրկելու որոշումը պատվիրված ակտ էր, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է արքեպիսկոպոսի փաստաբաններից Արա Զոհրաբյանը:
«Կոնկրետ մենք արձանագրեցինք, որ Միքայել սրբազանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 422 հոդվածի երկրորդ մասով (իշխանությունը զավթելու հրապարակային կոչ-AT) նախատեսված արարք կատարելու համար, բայց այսօր դատարանը կարդալուց նրան մեղադրեց 442 հոդվածի երկրորդ մասով (պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ-AT)՝ լրիվ ուրիշ հոդված: Այս հոդվածն այլ բանի մասին է, վերաբերում է պաշտոնատար անձի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելուն, դատարանն ուրիշ հոդվածի մասին խոսեց հիմա»,- ասել է Զոհրաբյանը:
Թե որն է այլ հոդվածով ազատազրկման պատճառը, փաստաբանը չի մանրամասնել՝ ասելով, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանին պետք է հարցն ուղղել: Զոհրաբյանը շեշտել է՝ ակնհայտ է, որ սա պատվիրված ակտ է, քանի որ Միքայել սրբազանը չի կատարել ո՛չ 442-րդ հոդվածով, ո՛չ 422-րդ հոդվածով նախատեսված արարքը:
«Միքայել սրբազանն իշխանությունը զավթելու և Սահմանադրությունը տապալելու կոչեր չի կատարել: Այն, ինչ վերագրում են Միքայել սրբազանին, իր կարծիքն էր նախկին իրադարձության վերաբերյալ, որը պատմել է, դա ներկա կամ ապագա ձևով չի կատարվել»,- պարզաբանել է փաստաբանը:
Նա տեղեկացրել է նաև, որ Շիրակի թեմի առաջնորդի առաջին կալանքի հետ կապված դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իսկ այսօրվա դատավճիռը բողոքարկվելու է վերաքննիչ ատյան:
Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել հունիսի 26-ին: Սրբազանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի համար: Նա մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական:
Այսօր սրբազանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:





































