ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից Աշխեն Ալեքսանյանը, որը մեղադրվում է պետական դավաճանության մեջ, չի ընդունում իր մեղքը, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նրա պաշտպաններ Աբգար Պողոսյանն ու Տավրոս Գևորգյանը, թերթի փոխանցմամբ, հրաժարվել են պատասխանել մեղադրանքի, քրեական գործի վերաբերյալ հարցերին։ Նրանք տեղեկացրել են, որ կալանքի որոշումը բողոքարկել են վերադաս ատյան, սակայն դեռ նորություն չկա։ Գործը դատարանում կքննվի դռնփակ կարգով, նշել են պաշտպանները։
ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն Armenia Today-ին չմանրամասնեց մեղքը չընդունելու հանգամանքը։ Նա հաստատեց, որ Ավդալյանը գործով միակ մեղադրյալն է և նախաքննության ավարտի դրությամբ արդեն կալանավորված էր։
Մամուլը հայտնել էր, որ իրավապահները ձերբակալել են Ալեքսանյանին, սակայն տեղեկությունը փորձել են հանրությունից գաղտնի պահել։ Ըստ հրապարակման՝ Ալեքսանյանին ձերբակալել էին Ավստրիայից Հայաստան վերադառնալիս՝ օդանավակայանում։ Երիտասարդ կնոջ մոտ փաստաթղթեր էին հայտնաբերել և կասկածել Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ ԱԱԾ-ն նաև խուզարկություն էր իրականացրել ԱԳՆ շենքում։
ՔԿ-ն տեղեկացրել էր, որ Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։




































