Կրեմլը տեղյակ է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարություներին, ըստ որոնց Միացյալ Նահանգները քննարկում է Ուկրաինային Tomahawk հրթիռներ մատակարարելու հարցը, ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք իսկապես լսել ենք այդ հայտարարությունները և մեր ռազմական մասնագետները վերլուծում ենք դրանք։ Հարցն այն է, թե ո՞վ կարող է արձակել հրթիռները: Ուկրաինացի՞, թե՞ ամերիկացի զինվորականները: Ո՞վ է որոշելու թիրախավորումը»,- ասել է նա:
Սեպտեմբերի 28-ին Վենսը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները քննարկում է Ուկրաինային Tomahawk թևավոր հրթիռներ մատակարարելու հնարավորությունը, սակայն որոշումը կայացնում է նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի նախագահը։ Ես խոսքը կթողնեմ նախագահին, բայց գիտեմ, որ մենք դա հիմա քննարկում ենք»,- ասել էր նա։
Վենսը նաև մեղադրել էր Ռուսաստանին Ուկրաինայի հարցով բանակցություններից խուսափելու մեջ՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգները դեռևս ցանկանում է խաղաղություն հաստատել Ուկրաինայում, սակայն «տանգո պարելու համար երկուսն են պետք»։





































