Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը Hraparak.am-ի հետ զրույցում մեկնաբանել ու մանրամասներ է հայտնել «Ռոսրեեստր»-ի և «Ռոսիմուշչեստվոյի» տարածաշրջանային գրասենյակների նախկին պաշտոնյա, Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի մահվան մասին:
Ավագյանին սեպտեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգի Հայաստանի գլխավոր հյուպատոսությունում հայտնաբերել էին մահացած։
«Ինչ վերաբերում է հյուպատոսարան մուտք գործելուն, ապա մուտքն ազատ է, և ցանկացած մարդ կարող է մտնել հյուպատոսարանի տարածք, որպեսզի, օրինակ, ստանա հյուպատոսական ծառայություններ կամ այլ հարցեր, ուստի մարդն ազատ է՝ հյուպատոսարանը չի համարվում փակ տարածք»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ Ավագյանն ինքն է եկել այնտեղ:
Հարցին, թե համոզվա՞ծ է, որ Ավագյանն ինքնասպանություն է գործել, ինչի մասին գրել են ռուսական լրատվամիջոցները, չի՞ բացառում սպանության վարկածը, Արսենյանը պատասխանել է. «Բացառված է նման բան»:
Արսենյանի խոսքով՝ Արցախի նախագահի նախկին ներկայացուցիչն ինքնասպանություն է գործել՝ փակ դռների հետևում կտրելով զարկերակը:
Մեկնաբանելով լուրերը, թե «Ավագյանն ավելի քան 50 րոպե ողջ է եղել, երբ նրան հյուպատոսարանի պետքարանից դուրս են հանել» և արձագանքելով հարցին, թե ինչպե՞ս կարող է երակները կտրած մարդը 50 րոպե ողջ մնալ և արնաքամ չլինել, ՀՀ դեսպանն ասել է. «Դուռը փակ էր, բացել է ԱԻՆ-ը»:
2022-ին ՀՀ ոստիկանությունը հետախուզում էր հայտարարել Ավագյանի նկատմամբ՝ փողերի լվացման մեղադրանքով։ Մահվանից ժամեր առաջ Ավագյանը տեսաուղերձով հայտարարել էր, որ ցանկանում է արտահանձնվել ՀՀ ու չի խուսափում պատժից։
Նրա փաստաբան Նատալյա Չերնիկովան հայտարարել էր, թե չի հավատում իր պաշտպանյալի ինքնասպանության վարկածին։




































