ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Պաղեստինի վերաբերյալ բանաձևին Հայաստանի աջակցության, Իսրայելում հակահայկական հռետորաբանության սրացման և ՄԱԿ-ի՝ Գազայի դեմ պատերազմը որպես ցեղասպանություն որակելու մասին Armenia Today-ը զրուցել է Իսրայելի հայ մշակույթի և կրթության «Նոյյան Տապան» կենտրոնի մամուլի խոսնակ Մեննի Կորսունսկիի հետ։
Ըստ քաղաքագետի՝ «պարադոքս» է, որ Իսրայելի որոշ քաղաքացիներ ուշադրություն են դարձրել հենց Հայաստանի վրա այն դեպքում, երբ պաշտոնական Երևանի դիրքորոշումն սպասելի էր Իսրայելի՝ Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով։ Նրա համոզմամբ՝ Իսրայելի որոշ քաղաքացիների կարծիքի հետևում ինչ-որ ուժեր են կանգնած։
Կորսունսկին չի մեկնաբանել աշխարհի հանրահայտ հրեաների քննադատությունն Իսրայելի իշխանությունների հանդեպ՝ Պաղեստինում կատարվող իրադարձությունների մասին։
- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում սեպտեմբերի 12-ին Հայաստանն աջակցել է Պաղեստինյան հարցի խաղաղ կարգավորման և հակամարտության երկու պետությունների լուծման վերաբերյալ Նյու Յորքի հռչակագրին հավանություն տալու բանաձևին։ Թեև բանաձևն ընդունվել է 142 ձայնով, բայց Իսրայելում հատկապես սրվել է հակահայկական հռետորաբանությունը։
- Հայաստանը 142 այլ երկրներից մեկն է, որը ճանաչել է Պաղեստինը, բայց պարադոքսն այն է, որ Իսրայելի որոշ քաղաքացիներ ուշադրություն են դարձրել հենց Հայաստանի վրա՝ հայ ժողովրդի «հակասեմիտիզմի» պրիզմայով, որը պատմականորեն սուտ է։ Եզրակացությունն ակնհայտ է՝ սրա հետևում կանգնած են որոշ ուժեր, որոնք հաջողությամբ ազդում են մարդկանց կարծիքի վրա։ Նույնիսկ նույն տարածաշրջանում երկու այլ պետություններ դե ֆակտո ճանաչել են Պաղեստինը 1992 թվականին, իսկ Հայաստանը՝ 2024 թվականին։
- Արդյոք սպասելի չէ՞ր Հայաստանի դիրքորոշումը՝ հաշվի առնելով, որ որոշ շրջանակներ այն նույնիսկ համարում էին ուշացած։
- Ինձ համար, իհարկե, Հայաստանի որոշումն սպասելի էր, ավելին, կնշեմ, որ զարմացած եմ, որ սա տեղի ունեցավ հիմա և ոչ շատ տարիներ առաջ։ Ենթադրում եմ, որ Հայաստանն այս քայլը չի արել մյուսների նման 1992 թվականին՝ Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու համար, բայց արդյունքն ակնհայտ է։ Նախ՝ ցեղասպանության չճանաչումը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների պատճառով (կնշեմ, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի խոսքերն այս սարսափելի ողբերգության ճանաչում չեն) և երկրորդ՝ զենքի վաճառքը Հայաստանի թշնամուն, այդ թվում՝ ռազմական գործողությունների ժամանակ։
Նույնիսկ Յում Քիփուրի (Դատաստանի օրվա-AT) նախօրեին, երբ ամբողջ երկիրը սգի մեջ է, և նույնիսկ օդանավակայանները դադարում են աշխատել, ինքնաթիռները՝ առանց ընդմիջման, երկրի հարավում գտնվող ռազմական օդանավակայանից զենք են դուրս թողել։
- Ինչպե՞ս եք գնահատում աշխարհասփյուռ հրեաների, Ամերիկայի հրեաների և, ընդհանրապես, համաշխարհային հրեականության դիրքորոշման փոփոխությունները՝ հաշվի առնելով վերջերս կայացած «Էմմի» մրցանակաբաշխությունը, որտեղ հրեական ծագում ունեցող դերասանները բացահայտ քննադատեցին Իսրայելի իշխանություններին։ Ինչպե՞ս է համաշխարհային հրեականության դիրքորոշումը փոփոխվել, քանի որ այժմ մեծ ալիք կա Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունների դեմ։
- Ես չեմ կարող միանշանակ գնահատական տալ, քանի որ Իսրայելում չապրող հրեաների շրջանում կան տարբեր ուղղություններ. այն մարդիկ, ովքեր քննադատել են Իսրայելի կառավարությանը, ամենայն հավանականությամբ, լիբերալներ են, հարկ է նշել, որ, ինչպես դուք ասացիք, համաշխարհային հրեականություն է, այլ ոչ թե Իսրայելի բնակիչներ, ովքեր հիշում են տեղի ունեցած սարսափները։
Սեպտեմբերի 12-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Հայաստանն աջակցել էր պաղեստինյան հարցի խաղաղ կարգավորման և հակամարտության երկու պետությունների լուծման վերաբերյալ Նյու Յորքի հռչակագրին հավանություն տվող բանաձևին։ Այն ընդունվել էր 142 կողմ, 10 դեմ և 12 ձեռնպահ ձայներով։
Արաքսյա Սնխչյան




































