ԱԺ 14 ընդդիմադիր պատգամավոր կանայք համատեղ հայտարարություն են տարածել ի պաշտպանություն իրենց գործընկեր Թագուհի Թովմասյանի։ Նրանք դատապարտել են ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ Թովմասանի մասին հնչեցրած հայտարարությունները։
Պատգամավորները Հովհաննիսյանից պահանջել են հրապարակային ներողություն խնդրել իր հայտարարությունների համար, իսկ ԱԺ ղեկավարությունից՝ հստակ, հասցեական և հրապարակային դատապարտել Հովհաննիսյանի վարքն ու այն քննող էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծել»։
«Սա ոչ միայն ԱԺ-ում տիրող անհանդուրժողական մթնոլորտի հերթական դրսևորումն է, այլև սեռով պայմանավորված խտրականություն և ուղղակի հարձակում կանանց քաղաքական մասնակցության դեմ»,- շեշտել են պատգամավորները։
Ըստ նրանց՝ իրավիճակը պետք է արժանանա ոչ միայն ներքաղաքական, այլև միջազգային իրավապաշտպան ու կանանց իրավունքներով զբաղվող կառույցների միանշանակ գնահատականին։
Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը խանգարել էր Թովմասյանի ճեպազրույցն ու ուղիղ եթերում հարցրել՝ ինչո՞ւ նիստերին չի մասնակցում։ Դրան ի պատասխան՝ Թովմասյանը պահանջել էր, որ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը կազմակերպի Հովհաննիսյանի ամենօրյա թմրամիջոցների թեստավորում՝ նախքան խորհրդարանի շենք մտնելը։
Ավելի ուշ Հովհաննիսյանը Թովմասյանին առաջարկել էր սեռավարակների թեստ հանձնել՝ նշելով, որ Թովմասյանը, լինելով լրագրող, չէր կարող իր աշխատավարձով գնել 4 բնակարան։





































