Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում կան խնդիրներ, բայց երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման փոխադարձ շահագրգռվածությունն «ամեն ինչ իր տեղը կդնի»։
«Երկրների միջև հարաբերություններում միշտ առաջանում են որոշ հարցեր՝ ելնելով ստեղծված կամ որևէ քաղաքական իրավիճակից։ Կան խնդիրներ»,- Պուտինի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։
«Այսօր նախագահ Ալիևի հետ ողջունեցինք միմյանց, ողջունեցի նրան և նրա կնոջը, մի քանի բառ փոխանակեցինք։ Բայց, կարծում եմ, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հիմնարար հարաբերությունները և դրանց զարգացման փոխադարձ շահագրգռվածությունը, ի վերջո, ամեն ինչ իր տեղը կդնեն»,- ասել է նա։
Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները կտրուկ սրվել են։ Առիթը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Azerbaijan Airlines-ի ուղևորատար ինքնաթիռի կործանումն էր, որն Ադրբեջանը կապում է ռուսական ՀՕՊ համակարգի գործողությունների հետ և պահանջում է ընդունել մեղքը։
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները վատթարացել էին նաև ուժային գերատեսչությունների փոխադարձ գործողությունների ֆոնին։ ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել Եկատերինբուրգում հարձակման ժամանակ ձերբակալված 6 ադրբեջանցիներից 5-ին: Ադրբեջանական դատարանը կալանավորել էր ՌԴ 8 քաղաքացու։ Հուլիսի 11-ին Մոսկվայում Ադրբեջանի քաղաքացիների զանգվածային ձերբակալություններ էին տեղի ունեցել։ Կողմերը հետ էին կանչել դեսպաններին, չեղարկել մշակութային և խորհրդարանական միջոցառումները, ինչպես նաև հղել դիվանագիտական բողոքի նոտաներ:
Օգոստոսին և սեպտեմբերին տարբեր քրեական գործերով ՌԴ-ում նաև ադրբեջանական սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ էին ձերբակալվել։





































