ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի դեմ հատուկ գործողությունը կամ երկրի շրջափակման պահպանումը, եթե Վաշինգտոնի և Թեհրանի միջև հնարավոր գործարքը ձախողվի և նշել է 2 տարբերակ, գրում է The Guardian-ը։
«Առաջինը՝ հնարավոր է, որ միջամտենք և իրականացնենք այն, ինչով մեր զինվորականները դեռ չեն զբաղվել։ Մյուս տարբերակն այն է, որ կպահպանենք Իրանի շրջափակումը, քանի որ այն, հավանաբար, ավելի ուժեղ ազդեցություն է ունեցել Իրանի վրա, քան երբևէ նրա դեմ իրականացված որևէ հարձակում»,- հայտարարել է Թրամփը։
Նա նաև հայտարարել է, որ Իրանի հարվածները չեն փոխել ԱՄՆ-Իրան բանակցություններն ավարտին հասցնելու իր ցանկությունը։
«Դա որևէ ազդեցություն չի ունենա գործարքի վրա»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Միաժամանակ, Թրամփը վստահություն չի հայտնել, որ Վաշինգտոն-Թեհրան հնարավոր համաձայնությունը մոտ ապագայում կկնքվի։
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է հունիսի 7-ին և 8-ին Իսրայելի և Իրանի փոխադարձ հարվածներից հետո։ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին և Մահշահրի նավթաքիմիական համալիրին, իսկ Իրանը հարվածել է իսրայելական թիրախներին, այդ թվում՝ Հայֆային։
Իրանն ԱՄՆ-ի մեղարել է լարվածության համար՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը պատասխանատվություն է կրում հրադադարի խախտումների, այդ թվում՝ Իսրայելի գործողությունների համար։ Թեհրանը նաև զգուշացրել է, որ էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հնարավոր հարվածները կարող են լուրջ հետևանքներ ունենալ համաշխարհային տնտեսության համար։
Լարվածության սրման ֆոնին ԱՄՆ-ն ՄԱԳԱՏԷ-ում ներկայացրել է բանաձևի նախագիծ, որով Իրանից պահանջվում է մանրամասն տեղեկություններ տրամադրել իր միջուկային օբյեկտների և հարստացված ուրանի պաշարների վերաբերյալ։ Նման նախաձեռնությունը կարող է ավելի լարել հարաբերությունները Վաշինգտոնի և Թեհրանի միջև, քանի որ Իրանը նախկինում արդեն սահմանափակել էր ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը։






































