ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ոչ միայն ՀԷՑ մասնաճյուղերի ղեկավարներին է փոխում և յուրայիններին նշանակում, այլև «սպառնում է շարքային աշխատակիցներին՝ կա՛մ մտնել ՔՊ, կա՛մ ազատվել աշխատանքից», գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանի խոսքով՝ աշխատակիցներին շանտաժ են անում՝ եթե դիմում չեն գրում, ուրեմն մի խնդիր են գտնում, սպառնում։
Պետրոսյանն այդ ամենը բացահայտ է անում, նույնիսկ խոսակցություն է տեղի ունեցել, որ «նախկին ղեկավարին հարգում էինք, լավ մարդ էր, բայց մեզ հետ չէր», պատմել է Ղազինյանը։
Ավելի ուշ Պետրոսյանը հերքել է «Հրապարակի» տեղեկությունները՝ դրանք անվանելով «անհեթեթ»։ Պետրոսյանը նշել է, որ իր նշանակումից հետո ՀԷՑ-ից հեռացել/հեռացվել են հիմնականում ընկերության այն բարձր ու միջին դասի պաշտոնյաները, ովքեր այլևս չէին կարող շարունակել «ոչինչ չանելով»,ովքեր սպասարկում էին կլանային ու օլիգարխիկ շահեր, ովքեր զբաղվում էին «հովանավորչությամբ»։
Պետրոսյանը նաև հավելել է, որ աշխատանքից ազատվածների մեջ կան բազմաթիվ բարեխիղճ, ազնիվ և պետականամետ անձինք, ովքեր գերադասել են այլևս այլ գործունեությամբ զբաղվել՝ հեռանալով սեփական նախաձեռնությամբ։
ՀԷՑ-ի պետականացման ծրագրի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազդարարել էր հունիսի 18-ին: Նույն օրը կալանավորվել էր ՀԷՑ-ի սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը՝ եկեղեցուն ուղղված իշխանությունների արշավի ֆոնին ՀԱԵ-ին աջակցող հայտարարությունից հետո: ՀԷՑ-ի պետականացման շուրջ գործընթացները մեկնարկել էին, երբ հուլիսի 4-ին Կարապետյանը հայտարարել էր, որ Փաշինյանը և նրա կառավարությունն «անելիք չունեն Հայաստանում»։
Հուլիսի 18-ին Պետրոսյանը նշանակվել էր ՀԷՑ ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Նրա նախաձեռնությամբ չեղարկվել էր ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով գնման 4 գործընթաց։
Կարդացեք նաև՝
«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր




































