Լեհաստանում բոլոր F-16 կործանիչների թռիչքները, բացառությամբ՝ օպերատիվների, կասեցվել են մինչև հետագա ծանուցում, հայտնել է Լեհաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի ներկայացուցիչ գնդապետ Մարեկ Պավլյակը, հայտնում է Interfax-ը:
«Հինգշաբթի երեկոյան Ռադոմում անցկացվող AirSHOW օդային ցուցադրությունից առաջ մարզումների ընթացքում վթարի է ենթարկվել F-16 ինքնաթիռ։ Օդաչուն զոհվել է: Վթարից հետո որոշում ընդունվեց կասեցնել բոլոր F-16 թռիչքները մինչև հետագա ծանուցում, սակայն սա չի վերաբերում օպերատիվ գործողություններին, այդ թվում՝ Լեհաստանի սահմանների և օդային տարածքի պաշտպանության առաքելություններին»,- ասել է նա։
F-16 կործանիչները պարբերաբար պարեկում են Լեհաստանի արևելյան սահմանը՝ երկրի ՀՕՊ համակարգի շրջանակում և ՆԱՏՕ-ի դաշնակցային պարտավորությունների կատարման նպատակով։ Դրանք մշտական մարտական պատրաստության հիմնական տարրերից են՝ հանդես գալով որպես պահեստային զույգեր, որոնք պատրաստ են անմիջապես օդ բարձրանալ՝ պատասխանելու հնարավոր սպառնալիքներին, ներառյալ՝ օդային տարածքի խախտումները կամ հրթիռային հարձակումները։





































