ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն Անկախության հռչակագրի 35-ամյակի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում պարունակող հայտարարություններն անվանել է «անհեթեթ»։
Օսկանյանի խոսքով՝ Փաշինյանն անհաջող փորձում է «արդարացնել իր աղետալի որոշումները»՝ չնայած վերջին տարիների իրադարձություններին ծանոթ յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ պարտությունների հիմնական և գլխավոր պատճառը «Փաշինյանի լիակատար անկարողությունն է»։
«Նրա պնդումը, թե մինչև 2020 թվականի պատերազմը զիջումների գնալը Հայաստանի համար ավելի վնասակար կլիներ, բացարձակ անհեթեթություն է։ Չկա կասկածի ոչ մի մասնիկ, որ եթե Փաշինյանը մինչև 2020-ի սեպտեմբեր ձեռնարկեր անհրաժեշտ զիջումներ, հազարավոր երիտասարդ հայեր այսօր ողջ կլինեին։ Արցախը և Լաչինը կմնային հայկական, խաղաղության պայմանագիր կկնքվեր, և մեր սահմաններն ու հաղորդակցությունները բաց կլինեին»,- գրել է Օսկանյանը։
Մեկնաբանելով այն քննադատությունները, թե ինչու իր կողմից նմանատիպ քայլեր չեն ձեռնարկվել մինչև 2008 թվականն արտգործնախարարի պաշտոնավարման ընթացքում՝ Օսկանյանը շեշտել է, որ եթե նրանք կանխատեսեին 2020 թվականի պատերազմի նման զարգացում, ապա «անպայման կնկատեին և կձեռնարկեին համապատասխան քայլեր»։
Նախկին նախարարը նշել է, որ վարչապետի «հակասական և անփույթ» հայտարարությունները խաթարում են ազգային անվտանգությունը և ամրապնդում Բաքվի դիրքերը։
«Ադրբեջանը հասել է իր նպատակներին և շարունակելու է հասնել դրանց, քանի դեռ Փաշինյանը մնում է իշխանության՝ անկախ նրանից, թե ինչ է ասում կամ չի ասում։ Նրա խոսքերը միայն խորացնում են ժողովրդի վիշտը՝ անընդհատ հիշեցնելով, որ մեր բոլոր կորուստները հնարավոր էր կանխել»,- ընդգծել է Օսկանյանը և հավելել, որ այս փուլում լռությունն ավելի օգտակար կլիներ Հայաստանի համար, քան անընդհատ արդարացումները։
Ավելի վաղ Փաշինյանն իր ուղերձում, մասնավորապես, նշել էր, որ 2020 թվականի սեպտեմբերից առաջ զիջումները «կհանգեցնեին սպառնալիքների և կախվածությունների անհամաչափ աճի, ինչը, վերջին հաշվով, կհանգեցներ Հայաստանի անկախության և պետականության կորստի»։




































