Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել՝ հորդորելով հետագա բարդություններից խուսափելու համար շուկայից չգնել Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմս:
Նշվում է, որ ՀՖՖ-ն պատասխանատու չէ այլ անձանց վաճառած տոմսի համար:
«Շատերը ՀՖՖ-ին մեղադրում են, որ չեն կարողացել տոմս գնել: «Հանրապետական» մարզադաշտը կարող է ընդունել առավելագույնը 14․000 երկրպագու: Տոմս ձեռք բերելու հայտ է ներկայացրել 470․000 մարդ։ 1 երկրպագուն կարող էր գնել 2 տոմսից ոչ ավելի, հետևաբար հնարավոր է եղել բավարարել մոտ 7000 հայտի պահանջ»,- ասվում է հայտարարության մեջ։
ՀՖՖ-ն նշում է, որ 14․000 նստատեղով ստադիոնի մոտ 7․000 տոմս վաճառվել է շատ մատչելի՝ 1000-3000 դրամով, իսկ շուկայում այժմ այս տոմսերը վաճառում են տասնապատիկ թանկ:
«ՀՖՖ-ի վաճառած բոլոր տոմսերի QR կոդերը ակտիվանալու են հանդիպման օրը՝ սեպտեմբերի 6-ին: Վերավաճառողները տոմսերը կարող են վաճառել մի քանի անձի, բայց ակտիվանալու է միայն մեկ QR կոդ: Այս դեպքում ևս կարող է լինել բողոքի մեծ ալիք, որի հետ ՀՖՖ-ն որևէ առնչություն չունի»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՀՖՖ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 6-ին կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա խաղի բոլոր տոմսերը սպառվել են։
Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ժամը 20։00-ին։
Երկու թիմերն էլ Եվրոպայի որակավորման փուլում ընդգրկված են F խմբում՝ Հունգարիայի և Իռլանդիայի հետ միասին։ Խմբային փուլը տևում է 2025 թվականի սեպտեմբերից մինչև նոյեմբեր, որտեղ հաղթողը կապահովի ուղիղ որակավորում Աշխարհի գավաթի խաղարկության համար, իսկ երկրորդ տեղը գրավածը՝ փլեյ-օֆֆ փուլ։
Խաղին կմասնակցի նաև պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Կրիշտիանու Ռոնալդուն։ Նա 2015 թվականի հունիսին Երևանում հեթ-տրիկ էր ձևակերպել՝ ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի որակավորման փուլում 3-2 հաշվով հաղթանակ բերելով Պորտուգալիային։






































