Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մեկնարկել է Մեքսիկայի և Հարավաֆրիկյան հանրապետության միջև խաղով Մեխիկոյի «Էստադիո Ացտեկա» մարզադաշտում հունիսի 11-ին։ Պատմության մեջ առաջին անգամ առաջնությանը մասնակցում է 48 թիմ։
Հաջորդ 5 շաբաթվա և 5 օրվա ընթացքում ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում կանցկացվի 104 խաղ՝ ՖԻՖԱ-ի կողմից կառավարվող աշխարհի ամենահեղինակավոր միջազգային ֆուտբոլային մրցաշարի շրջանակներում։
Եզրափակիչը կկայանա Նյու Յորքի «Մետլայֆ» մարզադաշտում հուլիսի 19-ին, որը տեղավորում է 82 500 հանդիսատես։
Աշխարհի այս տարվա առաջնությունը համարվում է ամենավիճահարույց մրցաշարերից մեկը, որը տեղի է ունենում ընդունող երկրի՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական հակամարտության պայմաններում։
Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցում է 48 թիմ։ 1998-2022 թվականներին աշխարհի առաջնությանը մասնակցել էր 32 թիմ, որոնցից Աֆրիկան ուներ 5 տեղ։ Այս տարվա մրցաշարում աֆրիկյան թիմերն ունեն կրկնակի ավելի՝ 10 տեղ։
Եվրոպան ներկայացված է 16 թիմով։ Ասիական կոնֆեդերացիան ուղարկել է 9-ը թիմ, Հարավային Ամերիկան՝ 6։ Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկան և Կարիբյան ավազանը նույնպես ուղարկել են 6-ական թիմ։ Նոր Զելանդիան կլինի Օվկիանիայից միակ ներկայացուցիչը։
Մրցաշարի նոր ձևաչափը ներառում է 4 թիմից բաղկացած 12 խումբ, որոնցից յուրաքանչյուրը կխաղա միմյանց դեմ մեկ անգամ։ Յուրաքանչյուր խմբի առաջին 2 տեղերն զբաղեցրած թիմերն անցնում են փլեյ-օֆֆ փուլ, որոնց կմիանան երրորդ տեղը գրաված 8 լավագույն թիմերը։ Այս փուլից սկսած, եթե լրացուցիչ ժամանակից հետո հաշիվը ոչ-ոքի է, հաղթողը կորոշվի 11 մետրանոց հարվածաշարով։






































