ՀՀ կառավարությունից հաստատել են մամուլում շրջանառվող լուրերը Վաշինգտոնում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և ԱՄՆ նախագահի հանդիպման մասին:
Նշվում է, որ օգոստոսի 7-8-ին Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով։
Կառավարությունից նաև հայտնել են, որ Փաշինյանը նաև եռակողմ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։
Օգոստոսի 4-ին ադրբեջանցի լրագրողը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Փաշինյանին և Ալիևին՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Նախատեսվում է, որ Թրամփը նախ կհանդիպի Փաշինյանի, ապա՝ Ալիևի հետ, որից հետո երեք առաջնորդները համատեղ հայտարարություն կանեն։ Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել էր այս տեղեկությունը Armenia Today-ին։ Ռուսական լրատվամիջոցները նույնպես գրել էին հանդիպման մասին։
Middle East Eye հրատարակության տեղեկություններով՝ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են փոխըմբռնման հուշագիր ստորագրել օգոստոսի 8-ին Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահի ներկայությամբ։