Ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսն օգոստոսի 3-ին Երևանում հանդես է եկել համերգով, որը կազմակերպվել էր ՀՀ կառավարության՝ «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» նախագծի շրջանակում:
Երեկոն ուղեկցվել է ոչ միայն շոու-ծրագրով, այլև երգչուհու ուղերձներով՝ ուղղված հանդիսատեսին։ Մինչ բեմ բարձրանալը Լոպեսը սոցիալական ցանցերում գրել է. «Այս ամառը ազատության և լավ տրամադրության տոն է։ Շուտով կհանդիպենք, Երևան»։
Համերգի ընթացքում Լոպեսը դիմել է հանդիսատեսին նաև հայերենով՝ ասելով՝ «հայեր ջան», ինչը մեծ ոգևորություն է առաջացրել։
Ելույթի ավարտին երգչուհին խոսել է ներքին ազատության, սիրո և միմյանց աջակցելու կարևորության մասին։ Նրա խոսքով՝ երջանկության զգացումը մեծապես կախված է այն բանից, թե որքան ազատ են մարդիկ իրենց զգում։
«Եղեք այն մարդկանց հետ, ում սիրում եք։ Շրջապատեք ձեզ այն մարդկանցով, ում սիրում եք։ Վստահ եմ՝ մեր ապրած երջանկության չափն ուղղակիորեն կապված է այն բանի հետ, թե մենք և մեզ շրջապատող մարդիկ որքան ազատ ենք մեզ զգում»,- ասել է Լոպեսը։
Երգչուհին շնորհակալություն է հայտնել Հայաստանին ջերմ ընդունելության համար։
«Ցանկանում եմ, որ դուք լինեք այնքան ազատ և երջանիկ, որքան ես եմ այս պահին՝ ձեր կողքին։ Շնորհակալ եմ քեզ, Հայաստան։ Ես այնքան եմ սիրում քեզ»,- ասել է երգչուհին։
Իր ելույթն ավարտելիս Լոպեսը կրկին ընդգծել է ազատության կարևորությունը։
«Ցանկանում եմ, որ դուք զգաք ձեզ ազատ։ Ազատ՝ սիրելու, լինելու այն, ինչ ուզում եք, և ապրել այնպես, ինչպես ցանկանում եք։ Պարզապես մնացեք ազատ», – հավելել է նա:
Հուլիսի 31-ին ՀՀ կառավարությունը փոփոխություններ էր կատարել «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծում։ Արդյունքում ռեփեր Սնուփ Դոգի՝ Երևանում այդպես էլ չկայացած համերգը գործադիրը փոխարինել էր Լոպեսի համերգով։ Ռեփերի համերգի կազմակերպման համար կառավարությունը հատկացրել էր 6 մլն դոլար։ Լոպեսի համերգի համար տրամադրվել էր 7 միլիոն դոլար:
Լոպեսի մենահամերգին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան է ժամանել շուրջ 15 հազար հանդիսատես։ Ընդհանուր առմամբ՝ միջոցառմանը ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ: