Իսրայելի զինված ուժերը թույլատրել են Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումն օդային ճանապարհով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իսրայելի բանակի մամուլի ծառայությանը։
«Քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում Իսրայելի պաշտպանության ուժերը շարունակել են մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը: Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային ճանապարհով մարդասիրական սննդի 90 փաթեթ է հասցրել Գազայի հատվածի հարավային և հյուսիսային բնակիչներին»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը «կշարունակեն համագործակցել միջազգային հանրության հետ՝ Գազայի հատվածում մարդասիրական օգնության տրամադրման հետ կապված իրավիճակը բարելավելու համար»։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հուլիսի 29-ին հայտարարել էր, որ ՄԹ-ն սեպտեմբերին կճանաչի Պաղեստին պետությունը, եթե Իսրայելն «էական քայլեր չձեռնարկի Գազայում սարսափելի իրավիճակը դադարեցնելու» և հրադադարի հասնելու համար: Նախքան այդ՝ նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: