ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցի Ազգային ժողովի արտահերթ նիստին, որտեղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախատեսում է ընդունել հայտարարություն՝ «Պետական իշխանության բռնի զավթման անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին»։
Լիագումար նիստին ներկայացվելուց առաջ նախագիծը քննարկվում է Պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովում։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ հայտարարության քննարկումը միջամտություն է իրավապահ մարմինների աշխատանքին։
«Այն նախագիծը, որը դրված է քվեարկության, ոչ միայն անընդունելի է իր բովանդկային և կեղծ տեղեկությունների առումով, այլև ուղիղ միջամտություն է նախաքննական մարմիններին»,- նշել է նա։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, իր հերթին, նիստն անվանել է «քարոզչական շոու» և հայտնել, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի դրան։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում:
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը և ևս 14 նրա աջակիցներ կալանավորվել են ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մեղադրանքով, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազան Աջապահյանը՝ իշխանության զավթման կոչի համար: Նրանք մեղքը չեն ընդունում: