«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանը, որն ավելի քան 7 օր կալանավայրում է, փաստաբանական խմբի հետ որոշել է հետ վերցնել իր կալանավորման որոշման դեմ բողոքը և վիճարկել այն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
Սամվել Կարապետյանը հունիսի 19-ին 2 ամսով կալանավորվել էր, նրան սկզբում տեղափոխել էին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Իշխանություններին ուղղված քննադատություններից հետո գործարարին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ (ժողովրդին հայտնի՝ ԿԳԲ-ի նկուղ)։
Շուրջ 9 ժամ տևած խուզարկությունները Կարապետյանի երևանյան տանն սկսել էին այն բանից հետո, երբ հրապարակայնորեն քննադատել էր Հայաստանի իշխանությունների արշավն Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ և աջակցել Հայ առաքելական եկեղեցուն։
«Ինչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվելա հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ Հայոց եկեղեցու ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևերով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»,- նշել էր Կարապետյանը։
Նրան կոշտ էր արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Facebook-ում հրապարակելով մի շարք գրառումներ, որոնցից մեկում գրել էր՝ մեջբերում ենք, «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել»։
Նույն օրն իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություններ սկսեցին Կարապետյանի տանը, որոնք շարունակվեցին շուրջ 9 ժամ։ Քննչական գործողությունների ավարտից հետո գործարարը, առանց ձեռնաշղթաների, ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ դուրս եկավ իր տնից և մեկնեց բաժին։
Կարապետյանի նկատմամբ ոստիկանության գործողություններից հետո Ազգային անվտանգության տնօրենի պաշտոնից ազատվեց Արմեն Աբազյանը. ԶԼՄ-ները գրել էին, որ Փաշինյանն Աբազյանին աշխատանքից ազատել է, քանի որ վերջինս հրաժարվել է Կարապետյանին բերման ենթարկելու հրահանգը կատարել հրապարակավ, այսպես ասած, շոուի ձևով։
Փաշինյանն, Աբազյանի պաշտոնանկությունը մեկնաբանելով, հայտարարեց, թե Ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին տնօրենին հանգիստ է պետք՝ ո՛չ հերքելով, ո՛չ հաստատելով Կարապետյանի դեմ իրականացված գործողությունների հետ կապը:
Հաջորդ օրը Փաշինյանը հայտարարեց Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետականացնելու մտադրության մասին։ Կարապետյանին, ում ընկերությունը ՀԷՑ-ը գնելուց ի վեր շուրջ 700 մլն դոլար է հատկացրել էլեկտրամատակարարման որակի բարձրացմանը, Փաշինյանը մեղադրեց ժողովրդին վնաս հասցնելու և դիտավորյալ անջատումներ կազմակերպելու մեջ։
Վարչապետը պնդում է՝ կա՛մ պետք է ընկերությունը փոխհատուցի անջատումներից կրած վնասը, կա՛մ պետք է ազգայնացնեն այն։ Փաշինյանը ՀԷՑ-ի անջատումների մեջ երկրի ներսում հասարակական դժգոհություն հրահրելու նպատակ է տեսնում։
ՀԷՑ-ի աշխատակիցները համաձայն չեն Փաշինյանի գնահատականների հետ։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնել Կարապետյանին՝ շեշտելով, որ ընկերությունը «մշտապես արել և շարունակում է անել առավելագույնը՝ սպառողներին պատշաճ որակի ծառայություններ մատուցելու համար:
«Մենք չենք կարող անտեսել այն փաստը, որ վերջին շրջանում հոսանքի անջատումները կրում են համակարգային բնույթ։ Դա վտանգում է երկրի էներգետիկ անվտանգությունը։ Եթե պարզվի, որ այդ խափանումները կանխամտածված են եղել, ապա համապատասխան հետևություններ կլինեն։ Պետությունը չի կարող աչք փակել նման բաների վրա»,- հայտարարել էր Փաշինյանը։
Փաշինյանի հայտարարությանը հաջորդեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ ՀԷՑ-ին խախտումների համար 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանելու որոշումը։
Վարչաետի հայտարարություններին հաջորդեց Կարապետյանին պաշտոնապես մեղադրանքի առաջադրումը՝ իբրև իշխանազավթման հրապարակային կոչերի համար։ Փաստաբաններն անմիջապես հայտարարեցին, որ մեղադրանքն անհիմն է։ Նրանք վստահեցրին, որ Կարապետյանի հարցազրույցի տեսագրության մեջ հանցակազմի որևէ տարր չկա։
Գործարարի պաշտպանական խորհուրդն էլ ընդգծեց, որ Կարապետյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում:
Ըստ փաստաբանների՝ կալանքի հարցով շուրջ 4 ժամ տևած դատական նիստի ընթացքում Կարապետյանը պատասխանել է հարցին, թե ի՞նչ նկատի ուներ, երբ հարցազրույցի ժամանակ ասել էր, թե «իր ձևով» կմասնակցի եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի լուծմանը։ Կարապետյանը, փաստաբանների փոխանցմամբ, նշել էր, որ «որևէ կոչ չի արել որևէ քաղաքական գործընթացում մասնակցության վերաբերյալ»։
Կարապետյանը կալանավորման վերաբերյալ դատարանի որոշման հրապարակումից հետո ուղերձով դիմել է իր կողմնակիցներին և իր կալանքն անվանել ապօրինի՝ շեշտելով, որ շինծու մեղադրանքով իրեն չեն կարող ճնշել, շեղել որդեգրած սկզբունքներից։ Նրա համոզմամբ՝ դատարանն իր որոշմամբ ապացուցեց, որ դեռևս ի վիճակի չէ հանուն արդարության անկախ գործել։
«Կյանքիս ընթացքում հաջողություններին զուգընթաց ունեցել եմ նաև բազում դժվարություններ, սակայն հոգիս երբեք չի հանձվել: Միշտ լինելու եմ ժողովրդիս, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու կողքին, ջանք ու եռանդ չեմ խնայել ու չեմ խնայելու հայրենիքիս և հայության կյանքը բարելավելու, բարեկեցիկ և անվտանգ ապագա կերտելու համար։ Մենք պառակտող չենք, այլ ազգը համախմբող ենք, ամուր եղեք, մեր հաղթանակին այլընտրանք չկա։ Առա՛ջ Աստված»,- հայտարարել էր Կարապետյանը։
ՀԷՑ-ից զատ՝ ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև Կարապետյանի ընկերությանը պատկանող «Տաշիր պիցցա» հանրային սննդի ցանցը, ուր Սննդի անվտանգության տեսչական մարմինն արդեն երկրորդ շաբաթն է՝ ստուգումներ է անցկացնում։ Պաշտոնական տվյալներով՝ սննդի անվտանգության տեսչական մարմինն արդեն կասեցրել է ավելի քան մեկ տասնյակ մասնաճյուղի, նաև ընկերության կազմում ընդգրկված կաթնամթերքի գործունեությունը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կարապետյանի կալանավորումը գնահատել է որպես հարված Հայաստանի և Հայ Առաքելական եկեղեցու հեղինակությանը։ Մոսկվան հայտարարել է, որ Ռուսաստանը կաջակցի Կարապետյանին և նրա փաստաբաններին:
Գործարարի ձերբակալությունը դատապարտել է նաև խորհրդարանական ընդդիմությունը՝ հիշեցնելով Փաշինյանին, որ վերջերս՝ ոչ վաղ անցյալում խոսում էր Կարապետյանի կողմից Հայաստանի զարգացման մեջ միլիոնավոր ներդումներ կատարելու մասին։
«Կարապետյանի կալանավորումը Նիկոլ Փաշինյանի վախերի դրսևորում է, ուրիշ որևէ բան չկա էստեղ։ Փաշինյանն ատում է հաջողական մարդկանց, ովքեր հաղթանակի հետ են ասոցացվում ու արժեք են ստեղծում։ Այդ մարդը երկրի սահմաններից դուրս թշնամիներ չունի. իր բոլոր թշնամիները Հայաստանի Հանրապետությունում են»,- ԱԺ ելույթում հայտարարել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Կարապետյանին պաշտպանեցին մտավորականներ, այդ թվում՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը, ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան, մարզիկներ Կարեն Խաչանովը, Արման Ծառուկյանը, Էդուարդ Վարդանյանը և այլք:
Երևանում Armenia Today-ի հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը ևս քննադատեց գործարարի կալանավորումը: Նրանցից շատերը Հայաստանի միջազգային հեղինակության համար վտանգավոր են համարել ՀԷՑ-ի ազգայնացման նախաձեռնությունը:
Հարցված տղամարդկանցից մեկն ասաց, որ նորմալ չէր Կարապետյանի կալանավորումը, և պատճառ չկար։ Մի կին ընդգծել է, որ շատ վատ կարծիք ունի Կարապետյանի նկատմամբ տեղի ունեցածի մասին։
«Ինչո՞ւ պետք է կալանավորեին Կարապետյանին։ «Քաղաքացիական պայմանագիրը» երկրին 7 տարում ի՞նչ օգուտ է տվել, որևէ դրական քայլ երկրի համար արե՞լ են։ Խայտառակ վիճակ է, իսկ իրենց լեզուները՝ երկար»,- հավելեց կինը։
Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ մեծ հպարտություն է, երբ ազգի մեջ Կարապետյանի նման մարդիկ կան։
«Բարերարի, գործարարի, մեծ ու թասիբով հայի կալանավորմանը բացասաբար եմ վերաբերվում, եթե շուրջը նայենք՝ կտեսնենք, թե ինչքան բան է նա ստեղծել»,- շեշտեց քաղաքացին։
Մի տղամարդ էլ ընդգծեց, որ Կարապետյանը «Հայաստանի համար շատ բան է արել, նրան կալանավորել պետք չէր»։
«Ճիշտ է արել, որ եկեղեցուն պաշտպան է կանգնել։ Չի կարելի եկեղեցուն անպատվել, մենք քրիստոնյա ենք, թող Աստծուց վախենան»,- նշեց հարցվածը։
Քաղաքացիների կարծիքը կիսում են նաև փորձագետները: Նրանք գտնում են, որ գործարարի կալանավորումը լուրջ մարտահրավեր է Հայաստանի ներդրումային միջավայրին։ Նրանց խոսքով՝ եթե Հայաստանի ներդրումային միջավայրը շարունակի հարվածի տակ մնալ, խոշոր ձեռնարկատերերն իրենց կապիտալը կտեղափոխեն ավելի հուսալի երկրներ։
«Այս կալանավորումը ցույց է տալիս, որ Հայաստանում ոչ ոք պաշտպանված չէ, նույնիսկ Կարապետյանի նման խոշոր գործարարը։ Բացի այդ, իշխանությունը վախենում է գործարարներից ու նրանից, որ ռեսուրս ունեցող մարդիկ կարող են ինչ-որ կարծիք արտահայտել»,- ընդգծել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի խոսքով՝ Կարապետյանի հիմնադրած ընկերությունները խոշոր հարկատուներ են Հայաստանում և առանցքային դեր ունեն ներդրումային միջավայրում։ Սարգսյանը նշել է, որ Կարապետյանի կալանավորումը բացասական ազդակ է ներդրումային միջավայրին։
«Կարապետյանին կալանավորելը մի կողմից խոչընդոտում է լրացուցիչ ներդրումների ներգրավմանը, մյուս կողմից՝ նպաստում ՀՀ-ից կապիտալի արտահոսքին։ Առհասարակ, ներդումային միջավայրը բարելավելը տարիների քրտնաջան աշխատանք է, իսկ ներդումային միջավայրը վերականգնելը՝ գրեթե անհնարին։ Այսինքն՝ այլ բան է զրոյից կառուցել ներդրումային միջավայր, այլ բան՝ փչացնել ներդրումային միջավայրն ու հետո ներդրողներին ասել՝ «գիտե՞ք՝ մենք փոխվել ենք»»,-շեշտել է Սարգսյանը՝ հավելելով, որ եթե ներդրումային միջավայրի նկատմամբ սպառնալիքները շարունակություն ունենան, կարելի է ընդհանրապես մոռանալ Հայաստանի ներդրումային գրավչության մասին։
Փաշինյանը, մինչդեռ, Մերձավոր Արևելքում սրված իրավիճակի ֆոնին, Թուրքիա այցից ու նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո շարունակում է եկեղեցու մասին գրառումներ անել և Գարեգին 2-րդին հորդորում րոպե առաջ հեռանալ Վեհարանից ու վերստին բարձրաձայնում ՀԷՑ-ն ազգայնացնելու մտադրության մասին։
Զուգահեռ՝ Կարապետյանը փաստաբանների միջոցով կալանավայրից «Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին» վերնագրով նամակների շարք է հրապարակում, որոնցում մատնանշում է իշխանությունների ձախողումները, այն հենասյուների վերականգնման անհրաժեշտությունը, որոնց վրա հիմնվում է երկրի ներքին դիմադրողականությունը՝ Սփյուռքի հետ կապերի վերականգնում, արտաքին անվտանգության ամրապնդում, դատարանների անկախություն, ներքին համերաշխություն։
Մանրամասն՝ Armenia Today-ի ռեպորտաժում։





































