Մոսկվայում կալանավորվել է հանցավոր խմբի չորս անդամ, որն «Ալրոսա» ընկերությունից ալմաստներ էր գողանում՝ դրանք ապօրինի ճանապարհով դեպի Հայաստան արտահանելու համար, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունը և ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։
Ըստ հաղորդագրության՝ հանցավոր գործունեության կազմակերպիչներն են Հայաստանի քաղաքացիներ Բաղիկյան եղբայրները, որոնք միջազգային հետախուզման մեջ են՝ ալմաստային հումքի մաքսանենգության գործով։
«Հափշտակված ալմաստներն ուղարկվել են Հայաստան՝ «ԱԴԻԴ Դայմոնդ» ՍՊԸ, որի շահառուն հայ գործարար և Ազգային ժողովի պատգամավոր Սուքիասյան (Խաչատուր-AT) Խ. Ա.-ն է»,- պնդել են կենտրոնից։
Նշվում է, որ 1,7 միլիոն ռուբլուց բարձր արժողությամբ ադամանդների խմբաքանակի հափշտակման փորձի ժամանակ ձերբակալվել են ընկերության աշխատակցուհի Վալենտինա Մատյուշենկովան, նրա որդի Ալեքսեյ Մատյուշենկովը, որը միջնորդի դեր ուներ, ինչպես նաև Արմեն Պետրոսյանը և Արման Սահակյանը, որոնք, ըստ ՌԴ ՔԿ-ի հաղորդագրության, զբաղվում էին քարերի մաքսանենգ արտահանմամբ։
ՌԴ ԴԱԾ-ից հայտնել են, որ «կանխվել է մի խմբի գործունեություն, որը համակարգված ձևով զբաղվում էր բարձրորակ ալմաստային հումքի հափշտակմամբ՝ հետագա ապօրինի վաճառքի և ՀՀ մաքսանենգ արտահանման նպատակով՝ «Ալրոսա» ԲԲԸ-ից»։
Խուզարկությունների ընթացքում մեղադրյալներից առգրավվել է շուրջ 200 հազար կարատ տեխնիկական ալմաստային հումք, որը նախատեսված էր բարձրորակ հումքն ավելի էժանով փոխարինելու համար, ինչպես նաև կանխիկ գումարներ և հայտնի համաշխարհային բրենդերի թանկարժեք ոսկերչական արտադրանք։
Սուքիասյանի գրասենյակից հերքել են այս տեղեկությունը՝ այն որակելով ապատեղեկատվություն:
«Հերթական ապատեղեկատվությունն է տարածվել, թե ՌԴ-ում ձերբակալվել է խմբավորում, որն «Ալրոսա»-ից ադամանդներ է գողացել և իբր մատակարարել դրանք ՀՀ ԱԺ պատգամավոր Սուքիասյանի ընկերությանը։ Տեղեկացնում եմ, որ սա հերթական կեղծ լուրն է, իրականության հետ ոչ մի աղերս չունի, ամբողջությամբ հորինվածք է: Սա նախորդ ապատեղեկատվության շարունակությունն է, թե իբր Սուքիասյանը ՀԷՑ-ը գնում է թուրքերին վաճառելու համար: Ձեռագիրը նույնն է, կարծում եմ, նմանատիպ լուրեր էլի կլինեն: Կարելի է ասել՝ տեղեկատվական պատերազմ է հայտարարվել»,- նշել է Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը: